Մեկնարկել է աշխարհում երեք լավագույնների շարքին դասվող աստղագիտության Բյուրականյան 4-րդ տարածաշրջանային ամառային դպրոցը

5 րոպեի ընթերցում

Հայաստանի գլխավոր աստղադիտարանում սեպտեմբերի 8-ին ազդարարվեց Բյուրականյան 4-րդ տարածաշրջանային ամառային դպրոցի բացումը: Այս տարի «Աստղագիտությունը և տվյալագիտությունը» խորագրի ներքո անցկացվող միջոցառումը մեկտեղել է տարբեր երկրների 35 ուսանողների և ոլորտի 10 անվանի մասնագետների, որոնք հինգ օր շարունակ մասնագիտական քննարկումներ կծավալեն առավել հետաքրքիր ու հրատապ թեմաների շուրջ՝ համարժեք նախկինում սահմանված նշաձողին: Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը «Արմենպրես»-ի թղթակցին հայտնեց, որ Միջազգային աստղագիտական միությունն աշխարհում երեք լավագույնների շարքին է դասել այս դպրոցը:

Թյուրընկալումից խուսափելու համար միանգամից նշենք, որ «դպրոց» և «ամառային» բառերն այս դեպքում պայմանական բնորոշումներ են, որոնք չեն առնչվում տարվա կոնկրետ եղանակի ու, առավելևս, դասական պատկերացմամբ համապատասխան կրթական հաստատության հետ: Համենայն դեպս, տողերիս հեղինակի տարակուսանքն այդպես փարատեց Արեգ Միքայելյանը:

Սա ավելի շուտ դասախոսությունների շարք է, որը հիմնականում նախատեսված է աստղագիտության ոլորտի մագիստրոսների և ասպիրանտների, ինչպես նաև բակալավրիատի ավագ կուրսերի ուսանողների համար: Մասնակիցները դիտարկումներ կանցկացնեն 1 և 2.6 մետրանոց աստղադիտակներով, կունենան տվյալների և վիճակագրության մշակման ու վերլուծության գործնական պարապմունքներ, ինչպես նաև գիտելիքներ կստանան աստղագիտական ​​վերլուծությունների, տվյալների բազաների, պահոցների և վիրտուալ աստղադիտարանի գործիքների վերաբերյալ:

Տարածաշրջանային դպրոցները գործում են Միջազգային աստղագիտական ​​միության Հարավ-արևմտյան և Կենտրոնական Ասիայի աստղագիտության զարգացման տարածաշրջանային գրասենյակի (SWCA ROAD) շրջանակներում: Այդ հսկայական տարածաշրջանում մասնագիտական գործունեության համակարգումը 2015 թվականից իրականացվում է Հայաստանից՝ Բյուրականի աստղադիտարանից, որը 1946 թվականին հիմնադրել է աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը:

«Տարածաշրջանային ամառային առաջին դպրոցը կազմակերպել ենք 2019 թվականին: Ունենք նաև միջազգային դպրոցների շարք, որն իրականացնում ենք 2016 թվականից: Հաջորդ տարի լինելու է միջազգային 10-րդ դպրոցը: Յուրաքանչյուր կենտ տարի կազմակերպում ենք տարածաշրջանային, զույգ տարիներին՝ միջազգային դպրոցներ: Այս դպրոցները հայ և արտասահմանցի ուսանողների ու երիտասարդ մասնագետների միջև շփում ապահովելու, անվանի գիտնականների հետ հաղորդակցվելու բացառիկ հնարավորություն է: Այս տարի կազմկոմիտեում ընդգրկված են գիտնականներ Հայաստանից, Ֆրանսիայից, Նիդեռլանդներից և Ռուսաստանից: Բանախոսներ ունենք Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Չինաստանից և Ռուսաստանից: Հպարտության առիթ է այն, որ Միջազգային աստղագիտական միությունն աշխարհում երեք լավագույններից մեկն է համարել մեր դպրոցները՝ դասախոսական կազմի, ծրագրերի, բովանդակության, կանոնավոր գործելու, ուսանողների քանակի և այլ չափանիշներով»,- նշեց Արեգ Միքայելյանը՝ հավելելով, որ արտասահմանում կազմակերպվող համանման դպրոցներին Հայաստանից տարբեր պատճառներով սովորաբար մի քանի ուսանող է կարողանում մասնակցել, մինչդեռ Բյուրականում հիմա 15 մասնակից ունի Հայաստանը:

Նա տեղեկացրեց, որ դպրոցն այս տարի մասնակցության շուրջ 120 հայտ է ստացել տարբեր երկրներից, բայց կազմակերպիչներն ընտրել են օտարերկրյա 20 ուսանողի: Աստղադիտարանն իր հյուրատանը գիշերակացով կարող է ապահովել 20-25 հոգու: Մասնակիցների սննդի ապահովման հարցը լուծվում է Բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտեի աջակցությամբ և աստղադիտարանի ֆոնդերի միջոցով:

Մեր զրուցակիցը հպարտությամբ արձանագրեց նաև, որ 2016 և 2018 թվականներին Բյուրականի դպրոցների մասնակիցներից ոմանք արդեն մասնագիտական ճանաչման են արժանացել, ոմանք նույնիսկ դարձել են աստղադիտարանների տնօրեններ: 

Սեպտեմբերի 15-19-ն այստեղ կանցկացվի «Աստղագիտական ​​հետազոտություններ և մեծ տվյալներ 3» միջազգային սիմպոզիումը, որը նվիրված է Մարգարյանի հետազոտության 60-ամյակին և Հայկական վիրտուալ աստղադիտարանի (ArVO) 20-ամյակին։ Իսկ հոկտեմբերի 6-10-ը նախատեսված է արդեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո կազմակերպվելիք «Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգությունը» գիտաժողովը: Դրանցից առաջինին մասնակցելու հայտ է ներկայացրել 68, երկրորդին՝ 48 գիտնական՝ շուրջ 20 երկրից:

Հայերեն

Մունդիալ-2026. Անգլիան կամային հաղթանակով դուրս եկավ 1/16 եզրափակիչ

Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին

Մարտունի համայնքում բազմաբնակարան 9 շենքերի տանիքներ են վերանորոգվում

Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Մարտունի քաղաքում ընթանում են Մխիթար Հերացի փողոցի հիմնանորոգման աշխատանքները

Դատախազության աշխատողի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ պետական դրոշի գույներով

Արարատի և Արմավիրի մարզերում տեղի են ունեցել մարզերի դպրոցների ենթակայության փոփոխությանը վերաբերող խորհրդակցություններ

ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը սոսկ տնտեսական կամ ֆինանսական գործընթաց չէ, այն արդարության վերականգնման գործընթաց է. գլխավոր դատախազ

Հունիս ամսին Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում ծնվել է 75 երեխա