5 րոպեի ընթերցում
Լոռու մարզի Դեբեդ գյուղում կայացել է «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 11-րդ միջազգային փառատոնի փակման արարողությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ արարողության ընթացքում նաև ցուցադրվել են փառատոնային երկու աշխատարանների արդյունքում ստեղծված ֆիլմերը:
Ժյուրին, որի կազմում էին հայ-ֆրանսիացի ռեժիսոր Սերժ Մելիք-Հովսեփյանը, իրանցի կինովավերագրող Հադի Աֆարիդեհը և գերմանացի թատերագետ, արվեստաբան, Հայաստանի Գյոթե ինստիտուտի ղեկավար Յան-Թագե Քյուլինգը, «Լիամետրաժ ֆիլմեր»-ի մրցույթում գլխավոր մրցանակը շնորհեց ռուսական «Քամին պոչ չունի» (Wind Has No Tail) ֆիլմին, որը խորհրդանշական ոճով և ապշեցուցիչ պարզությամբ ներկայացնում է Ռուսաստանի հյուսիսում ապրող բնիկ ժողովուրդների կյանքն ու ազգային ինքնության աստիճանական կորուստը։ Մրցանակն ընդունեց ֆիլմի օպերատոր Լիզա Պոպովան։
«Կարճամետրաժ ֆիլմեր»-ի մրցույթում գլխավոր մրցանակի արժանացած «Քարուն-Իրանի ամենաերկար գետը» (Karun – The Longest River of Iran) կինոնկարի ռեժիսոր Սահանդ Սարհադին չէր կարողացել գալ փառատոնին, բայց իր շնորհակալական խոսքը հայտնեց տեսանյութով։
Փառատոնը նախաձեռնող «Ֆիլմադարան» ՀԿ-ն՝ հանձինս նախագահ Գարեգին Զաքոյանի, կինոլեզվի արտահայտչականությունն ընդլայնող լավագույն ֆիլմի համար հատուկ մրցանակ շնորհեց: Այն տրվեց լեհական «Գնացքներ» (Trains) կինոնկարին։ Ռեժիսոր Մաչեյ Դրիգասը ևս իր խոսքն ուղղեց ներկաներին տեսանյութի միջոցով։ Ի դեպ, «Գնացքներ»-ը 2024 թվականի նոյեմբերին արժանացել էր վավերագրական կինոյի ամենահեղինակավոր փառատոներից մեկի՝ Ամստերդամի կինոփառատոնի (IDFA) գլխավոր մրցանակին։
Արարողությունն ամփոփվեց միանգամից 4 կարճամետրաժ ֆիլմի ցուցադրությամբ։ Բոլոր չորսն էլ կամ ստեղծվել էին փառատոնի ընթացքում, կամ ոգեշնչվել փառատոնի օրերին։
Հանդիսատեսին ներկայացվեցին փառատոնային երկու աշխատարանների արդյունքում ստեղծված ֆիլմերը՝ իտալուհի կինոռեժիսոր և մանկավարժ Մարտա Վիոլանտեի աշխատարանի ֆիլմը՝ իրականացված դեբեդցի և դսեղցի երեխաների հետ, և բուլղարուհի կինոռեժիսոր, Բրյուսելի «Միլենիում» կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Զլատինա Ռուսևայի աշխատարանի քառամաս ֆիլմ-անթոլոգիան, որի ստեղծմանը մասնակցել էին 8 սկսնակ ռեժիսորներ Հայաստանից և ԵՄ երկրներից։
Վիոլանտեի՝ Իտալիայի դեսպանատան աջակցությամբ իրականացված աշխատարանի ֆիլմը 12-օրյա դասընթացների արդյունքն է, որոնց ժամանակ երեխաները տարբեր խաղերի միջոցով սովորում էին ավելի ազատ ինքնաարտահայտվել, Վիոլանտեի հետ ուսումնասիրում էին Դեբեդ գյուղի ամենատարբեր անկյունները, նկարահանում գյուղական տեսարաններ ու ձայնագրում իրենց ամենօրյա կյանքի հնչյունները։ Ռուսևայի՝ ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության, EUNIC Հայաստանի և Հայաստանի Գյոթե ինստիտուտի աջակցությամբ իրականացված աշխատարանի ֆիլմը բաղկացած էր 4 դիմանկարներից, որոնցից յուրաքանչյուրի կենտրոնում Դեբեդ գյուղի բնակիչներից մեկն էր։ Երկու ֆիլմերն էլ շուտով հասանելի կլինեն «Ֆիլմադարան» ՀԿ-ի յութուբյան ալիքում։
Փառատոնի փակման ֆիլմը շվեդ ռեժիսոր Կնուտե Վեսթերի «Սահմանը մեր ներսում» (The Border Within Us) կարճամետրաժն էր, որը հուզիչ ու լիրիկական ոճով վավերագրում է Սյունիքում սահմանային դարձած գյուղերի բնակիչների հոգեվիճակը։ Վեսթերն առաջին անգամ Հայաստան էր եկել 2022-ին՝ մասնակցելու «Ծիրանի ծառ» 8-րդ միջազգային կինոփառատոնին Ուջանում։ Լսելով հենց փառատոնի օրերին ծավալվող սահմանային լարումների մասին՝ Վեսթերը, փառատոնի կազմակերպիչների աջակցությամբ, մեկնել է Սյունիք՝ արդյունքում ստեղծելով այս ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ սեպտեմբերի 6-ին՝ 11-րդ «Ծիրանի ծառ» կինոփառատոնի փակման օրը։
«Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 12-րդ միջազգային փառատոնը կկայանա 2026 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։