Կրթություն

Հանրակրթական ուսումնական հաստատությունները կունենան մեկ լիազոր մարմին՝ ի դեմս ԿԳՄՍ նախարարության

3 րոպեի ընթերցում

Հանրակրթական ուսումնական հաստատությունները կունենան մեկ լիազոր մարմին՝ ի դեմս ԿԳՄՍ  նախարարության

Հայաստանի Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու, «Հանրակրթության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ինչպես նաև «Տարածքային կառավարման մասին» օրենքում և «Տեղական ինքնակառավարման մասին օրենքում համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննան Անդրեասյանի զեկուցմամբ: 

«Առաջարկվող փոփոխությամբ նախատեսում ենք, որ հանրակրթական ուսումնական հաստատությունները կունենան մեկ լիազոր մարմին՝ ի դեմս կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության: Այդպիսով մեր երկրում բոլոր դպրոցները՝ 1343 հաստատություններ, գործելու են նախարարության լիազորությամբ: Այս փոփոխության անհրաժեշտությունը բխում է կրթության ոլորտում միասնական ստանդարտների սահմանմամբ: Հատկապես հանրակրթության պետական չափորոշչում բովանդակային բոլոր փոփոխությունները, ատեստավորման գործընթացները շատ էական են դարձնում այդ միասնական ստանդարտի նույնատիպ պահպանումը, և միասնական լիազոր մարմնի սահմանումը կընձեռի ավելի մեծ հնարավորություններ այդ ստանդարտների միասնականության ապահովման գործում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է նախարարը՝ միաժամանակ կարևորելով Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների աշխատանքը: 

Նշվել է, որ վերջիններս շարունակելու են ունենալ գործառույթներ, հիմնականում՝ վարչատնտեսական աշխատանքների համակարգման ուղղությամբ: Ըստ նախարարի՝ կան աշխատանքներ, որոնց կառավարումն ու վերահսկողությունն ավելի ճիշտ է իրականացնել տեղում, նաև տարածքային առումով մոտ լինելը դարձնելով դրա արդյունավետության հիմնական պայմաններից մեկը։ Միաժամանակ, կան աշխատանքներ, որոնք միասնական, ավելի կենտրոնացված համակարգում են պահանջում: 

Օրենսդրական փոփոխությունների առաջարկում ավելացվել են կրթահամալիրների՝ որպես համայնքային կենտրոնների գործունեությանը վերաբերող դրույթներ՝ կարևորելով տեղական ինքնակառավարման մարմինների դերը այդ ոլորտում: 
Ժաննա Անդրեաասյանի տեղեկացմամբ՝ այժմ փորձարկվում է կրթահամալիրների կառավարման գործում համայնքների առավել ակտիվ ներգրավվածությունը՝ որպես ապակենտրոնացման քաղաքականություն: 

Հանձնաժողովը քննարկված նախագծին տվել է դրական եզրակացություն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում