Գորիսում անցկացվեց «Բացակա, բայց ոչ մոռացված» ցուցահանդեսը՝ նվիրված անհայտ կորած անձանց միջազգային օրվան

5 րոպեի ընթերցում

Գորիսում կայացավ «Բացակա, բայց ոչ մոռացված» խորագրով ցուցահանդեսը, որը նվիրված է անհայտ կորած անձանց միջազգային օրվան։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառման նպատակն է ներկայացնել անհայտ կորածների ընտանիքների պատմությունները, ապրումները և սպասումը։ 

Ցուցահանդեսի շրջանակում ներկայացվեց 17 լուսանկար, որոնց ուղեկցող պատմությունները վկայում են Վայոց ձորի և Սյունիքի մարզերի ընտանիքների ապրումների մասին։

Միջոցառմանը ելույթ ունեցավ Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Դաֆնե Մարեն։

Նա նշեց, որ անհայտ կորած անձանց հիմնահարցը գլոբալ է և չի ճանաչում սահմաններ։ 

«Զինված հակամարտությունների պայմաններում անհամար ընտանիքներ բաժանվում են իրարից, շատերը անհետանում են՝ թողնելով հարազատներին անորոշության և անավարտ վշտի մեջ։ Անհայտ կորածների ընտանիքները ունեն կենսական անհրաժեշտություն իմանալու՝ ինչ է տեղի ունեցել իրենց հարազատների հետ։ Դա ոչ միայն մարդկային արժանապատվության անբաժանելի մասն է, այլև ամրագրված է միջազգային մարդասիրական իրավունքով։ Անհայտ կորածների ճակատագրի պարզաբանումը անհապաղ մարդասիրական կարիք է և խաղաղության հաստատման գործընթացի գլխավոր բաղադրիչներից մեկը»,-ասաց Մարեն։ 

Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց Կարմիր խաչի գործընկերներին ղարաբաղյան առաջին պատերազմից մինչև 44-օրյա պատերազմում ցուցաբերած աջակցության համար։

«Մենք բարձր ենք գնահատում այն կորուստը, որ ձեր ընտանիքները նվիրեցին պետությանը, և հավաստիացնում եմ, որ ձեր խնդիրները երբեք չեն կարող դուրս մնալ մեր ուշադրությունից։ Մենք պատրաստակամ ենք լինել ձեր կողքին բոլոր խնդիրների լուծման հարցում»,-ասաց Խաչատրյանը։

Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը նշեց․ «Այս միջոցառումները բարձրացնում են խնդրի կարևորությունը և ձևավորում են այն մշակույթը, որ պետք է լինենք այդ ընտանիքների կողքին»։

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ նաև Լուսինե Էմիրյանը, որի ամուսինն ու հորեղբայրը համարվում են անհայտ կորած 2023 թվականի սեպտեմբերի 19-ի Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ժամանակ։

«Շատ դժվար է այստեղ կանգնելն ու խոսելը։ Ամեն օր այդ ցավը մեզ համար թարմ է։ Մենք չենք կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ մեր հարազատները մեր կողքին չեն։ Ես երազում եմ այն օրվա մասին, երբ Կարմիր խաչը կզանգի և կասի․ «Մենք գտել ենք ձեր ամուսնուն»։ 

Ամուսնուս և հորեղբորս ճակատագիրը միայն մեր ընտանիքի ցավը չէ։ Մենք բոլորս մի ընտանիք ենք դարձել՝ այն ընտանիքները, որոնց հարազատները անհայտ կորած են։ Ամեն անգամ, երբ պատերազմ է լինում, այդ մարդիկ նորից վերապրում են իրենց հին ցավը և հասկանում են մեզ։ Մենք միշտ միասին ենք սպասում, միշտ միասին պայքարում։

Ամեն Նոր տարի, ամեն ծննդյան օր ես սպասում եմ, որ դուռը կբացվի, կհայտնվի նրա ձայնը, և իմ երեխան կվազի հոր գիրկը։ Այս սպասումը անպատկերացնելի է։ Դա բառերով չես կարող արտահայտել, դա ներքուստ քեզ կրծող զգացողություն է։ Իմ ամուսնու մայրը ևս կրում է նույն ցավը․ իր ամուսինը զոհվել է արցախյան առաջին պատերազմի ժամանակ՝ 1993 թվականի սեպտեմբերի 19-ին, իսկ 30 տարի անց՝ նույն օրը, իմ ամուսինը անհայտ կորավ։ Չեք պատկերացնում ինչքան կրկնակի է եղել նրա ցավը»,– պատմեց Էմիրյանը։

Նա կոչ արեց անել ամեն ինչ՝ անհայտ կորածների ճակատագրերը պարզաբանելու համար և հավելեց, որ իրենց ընտանիքները երբեք չեն կորցնի հույսը։

ԿԽՄԿ-ի տվյալներով՝ տարածաշրջանում շուրջ 5 հազար մարդ համարվում է անհայտ կորած՝ ինչպես զինվորականներ, այնպես էլ քաղաքացիական անձինք։ ԿԽՄԿ-ն և Հայկական Կարմիր խաչի ընկերությունը շարունակում են աջակցել ընտանիքներին՝ հոգեսոցիալական և իրավական աջակցության, ինչպես նաև նրանց իրավունքների պաշտպանության միջոցով։

Ցուցահանդեսը կազմակերպվել է ԿԽՄԿ-ի և Հայկական Կարմիր խաչի ջանքերով՝ ընդգծելու ոչ միայն հիշատակը, այլև հասարակության լայն շերտերում իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությունը։

Հայերեն