Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ի պետքարտուղարն Իսրայելի ԱԳ նախարարի հետ քննարկել է Գազայի, Սիրիայի, Իրանի և Լիբանանի վերաբերյալ հարցեր

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի պետքարտուղարն Իսրայելի ԱԳ նախարարի հետ քննարկել է  Գազայի, Սիրիայի, Իրանի և Լիբանանի վերաբերյալ հարցեր

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում ընդունել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Գազայի, Լիբանանի և Սիրիայի վերաբերյալ հարցեր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ պետքարտուղարությունը։

«Պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր հանդիպել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի հետ՝ վերահաստատելու Միացյալ Նահանգների անսասան հանձնառությունն Իսրայելի անվտանգությանը»,- նշվել է հաղորդագրության մեջ:  

Հանդիպման առանցքային թեմաներն են եղել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմը և հաջորդ ամիս ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կայանալիք քննարկումները, ինչպես նաև Լիբանանին և Սիրիային առնչվող հարցերը: 

Բացի այդ, քննարկվել է Իրանին հակազդելու կարևորությունը: Պետքարտուղար Ռուբիոն և Իսրայելի արտաքին գործերի նախարար Սաարը համաձայնել են, որ իրենց երկրների միջև շարունակական սերտ համագործակցությունը կենսական նշանակություն ունի տարածաշրջանի անվտանգության և բարգավաճման համար: 

The Jerusalem Post-ի տեղեկացմամբ՝ հանդիպումից հետո լրագրողների հարցին, թե ինչ ծրագիր է նախատեսվում պաղեստինյան պետության ստեղծման համար, Սաարը պատասխանել է, որ նման բան չի լինի։ 

Նա Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ կայացած հանդիպումը որակել է «շատ լավ»։ 

«Շնորհակալություն եմ հայտնում պետքարտուղար Ռուբիոյին Վաշինգտոնում հյուրընկալության և Իսրայելին ցուցաբերած անձնական ու անսասան աջակցության համար։ Մենք արդյունավետ հանդիպում ենք անցկացրել մեր երկու ազգերի փոխադարձ մարտահրավերների և շահերի շուրջ։ Իսրայելը չունի ավելի մեծ բարեկամ, քան ԱՄՆ-ն՝ նախագահ Թրամփի գլխավորությամբ, և ԱՄՆ-ն չունի ավելի մեծ դաշնակից, քան Իսրայելը»,- նշել է Սաարը X  միկրոբլոգի գրառման մեջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում