4 րոպեի ընթերցում
«Իմ քայլը» հիմնադրամը` ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գլխավորությամբ, օգոստոսի 20-ին «Աբովյան» ՔԿՀ-ի կին դատապարտյալներին է ներկայացրել «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում իրականացվող «Նոր մեկնարկ» կրթաթոշակային ծրագիրը: Միջոցառումը կազմակերպվել էր հիմնադրամի և «Հանուն ազատության» ՀԿ-ի արդյունավետ համագործակցության շնորհիվ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Իմ քայլը» հիմնադրամից, հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, ՔԿ ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը, հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը, ծրագրի ղեկավար Ստեփան Սարգսյանը, ինչպես նաև 3 տղամարդ դատապարտյալներ «Արմավիրի» ՔԿՀ-ից, ովքեր հանդես են եկել բանախոսություններով։
Աննա Հակոբյանը բացման խոսքում ներկայացրել է կրթության և կիրթ հասարակության կարևորությունը. «Գիտելիքն է, որ մարդուն օգնում է, հնարավորություն է տալիս գործել այս կամ այն կերպ, և այդ գիտելիքի պակասն է, որ մարդուն դնում է այս կամ այն իրավիճակի մեջ։ Մեր բոլոր խնդիրների պատճառը կրթության պակասն է»։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուրի անհատական ինքնակրթության ջանքերը կհանգեցնեն ավելի կիրթ և բարձր կենսամակարդակով հանրության, պետության և երկրի ձևավորման։ Աննա Հակոբյանը նաև հորդորել է դատապարտյալներին կազմել կյանքի հստակ պլան, ունենալ կոնկրետ նպատակներ, չվախենալ սահմանել բարձր նշաձողեր և վստահ լինել՝ դրանց հաղթահարման ճանապարհին իրենք մենակ չեն․ հիմնադրամը պատրաստ է աջակցել։
Սրբուհի Գալյանը, ողջունելով ներկաներին, շեշտել է պետության մշտական աջակցությունը քրեակատարողական հիմնարկներին և այս համատեքստում նաև դատապարտյալների կրթության ու նոր մասնագիտությունների ձեռքբերման կարևորությունը։ Նախարարը նաև հատուկ շնորհակալություն է հայտնել Վարչապետի տիկնոջը՝ դատապարտյալների կրթական խնդիրներով մտահոգվելու և դրանց լուծման ուղղությամբ կատարված աշխատանքների համար։
Միջոցառման շրջանակներում «Կրթվելը նորաձև է» ծրագրի ղեկավար Ստեփան Սարգսյանը դատապարտյալներին է ներկայացրել «Նոր մեկնարկ» կրթաթոշակային ծրագիրը՝ դիմելու ընթացակարգը, չափորոշիչները, ուսման վարձի կարգավորման հարցերը և այլն։ Նշվել է, որ ծրագիրը բոլորի համար է, ովքեր կհամապատասխանեն չափորոշիչներին, բայց նախապատվությունը կտրվի հասարակության առավել խոցելի խմբերին։
Այնուհետև «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի տղամարդ դատապարտյալները հանդես են եկել բանախոսություններով՝ ներկայացնելով իրենց ՔԿՀ-ում կրթական միջոցառումներն ու կատարված աշխատանքները։
Միջոցառման ավարտին դատապարտյալները հարց-պատասխան ձևաչափով իրենց հուզող հարցերն են ուղղել առաջին տիկնոջն ու նախարարին, ստանալով կրթությունը շարունակելու կամ նոր հմտություններ ձեռք բերելու առաջարկներ։ Քննարկվել է աշխատաշուկային վերաբերող բաց դռների օրվա, մասնագիտական կողմնորոշման դասընթացների, համակարգված կրթական խորհրդատվության տրամադրման միջոցառումներ կազմակերպելու հնարավորություններն ու դրանց իրականացման համար անհրաժեշտ առաջին քայլերը։
Ինչպե՞ս դիմել «Նոր մեկնարկ» կրթաթոշակային ծրագրին
«Եթե 23+ տարեկան եք, ունեք 5+ տարի ուսումնական դադար և ցանկանում եք ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություն, մասնակցել վերապատրաստման դասընթացների կամ սովորել նոր մասնագիտություն՝ «Նոր մեկնարկ» կրթաթոշակային ծրագիրը հենց ձեզ համար է։
Ծրագրի մանրամասներին, հնարավորություններին և դիմելու կարգին ծանոթանալու համար կարելի է անցնել հետևյալ հղումով»,-նշում են «Իմ քայլը» հիմնադրամից: