Միացյալ Նահանգներ

ՄՔԴ-ն դատապարտել է իր դատավորների և դատախազների նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները

2 րոպեի ընթերցում

ՄՔԴ-ն դատապարտել է իր դատավորների և դատախազների նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները

ԱՄՆ պետքարտուղարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի երկու դատավորի և երկու դատախազի նկատմամբ, որոնք Կանադայի, Ֆրանսիայի, Ֆիջիի և Սենեգալի քաղաքացիներ են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է պետքարտուղար Մարկո Ռուբիոյի տարածած հաղորդագրության մեջ: 

«Այս անձինք օտարերկրացիներ են, որոնք ուղղակիորեն ներգրավվել են Միջազգային Քրեական դատարանի ջանքերի մեջ՝ հետաքննելու, ձերբակալելու, կալանավորելու կամ հետապնդելու Միացյալ Նահանգների կամ Իսրայելի քաղաքացիների՝ առանց այդ երկրներից որևէ մեկի համաձայնության», - նշված է հայտարարության մեջ: 

Ռուբիոն ՄՔԴ-ն անվանել է «սպառնալիք երկրի ազգային անվտանգության համար» և նշել, թե այն ծառայում է որպես իրավական գործիք ԱՄՆ-ի և նրա մտերիմ դաշնակից Իսրայելի դեմ: 

BBC-ն նշում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ողջունել է Վաշինգտոնի այս քայլը: Իսկ Միջազգային քրեական դատարանը դատապարտել է ամերիկյան պատժամիջոցները՝ դրանք որակելով որպես հարձակում իր անկախության և անաչառության դեմ: 

ՄՔԴ-ի դեմ պատժամիջոցները քննադատել են նաև Ֆրանսիան և ՄԱԿ-ը: Ըստ AFP գործակալության՝ Ֆրանսիայի արտգործնախարարությունը նշել է, որ դա «հակասում է դատական համակարգի անկախության սկզբունքին»:

Այս տարի ավելի վաղ ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր սահմանել Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Քարիմ Խանի և չորս դատավորի նկատմամբ:

ՄՔԴ-ն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և նախկին պաշտպանության նախարար Յոավ Գալանտի ձերբակալման հրամաններ է տվել՝ նրանց մեղադրելով Գազայում ենթադրյալ պատերազմական հանցագործությունների համար: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում