Անվտանգ և ապահով կրթական միջավայրի տարի. Արարատի մարզից մեկնարկել են  ԿԳՄՍՆ օգոստոսյան խորհրդակցությունները

8 րոպեի ընթերցում

ՀՀ մարզերում և Երևանում հանրակրթական դպրոցների, նախադպրոցական հաստատությունների տնօրենների, փոխտնօրենների մասնակցությամբ մեկնարկել են 2025-2026 ուսումնական տարվան նախորդող օգոստոսյան խորհրդակցությունները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, առաջին հանդիպումը տեղի է ունեցել Արարատի մարզի Փոքր Վեդու նորակառույց դպրոցում: Խորհրդակցությունը վարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Ներկա են եղել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Ժաննա Հարությունյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության ներկայացուցիչներ, Արարատի մարզի հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների ղեկավարներ, ՏԻՄ ներկայացուցիչներ:

Կարևորելով ուսումնական գործընթացի պատշաճ կազմակերպումը՝ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ նոր ուստարում Հանրակրթության պետական չափորոշիչը ներդրված կլինի 1-11-րդ  դասարաններում, իսկ վերջին՝ 12-րդ դասարանում այն կներդրվի հաջորդ տարվանից: 

«ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է՝ 2025-2026 ուսումնական տարին հայտարարվելու է «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի տարի»։  Նախաձեռնության նպատակն է դպրոցներում ստեղծել բռնությունից զերծ, առողջ և պաշտպանված կրթական մթնոլորտ։ Սեպտեմբերին դպրոցները կստանան անվտանգության ուղեցույց, որը ներառելու է բռնության կանխարգելման և հայտնաբերման մեխանիզմներ։ Նախատեսվում են նաև մեծածավալ վերապատրաստումներ՝ բռնության, բուլինգի և անվտանգության ապահովման թեմաներով։ Տարվա ընթացքում կկազմակերպվի նախագծային աշխատանքների հանրապետական էքսպո՝ դպրոցականների անվտանգությանը վերաբերող նախագծերով, կկազմակերպվեն բռնության ու բուլինգի մասին թատերական ներկայացումներ և ֆիլմերի դիտումներ, առողջ կենսակերպի խթանման նպատակով հանդիպումներ սպորտում հաջողությունների հասած մարզիկների հետ, աշակերտական համաժողովներ և կլոր սեղան քննարկումներ՝ «Անվտանգ և ապահով կրթություն» խորագրով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հանդիպմանն անդրադարձ է եղել կրթության ոլորտի մի շարք կարևոր հարցերի: Մասնավորապես, շեշտվել է կրթության կառավարման տեղեկատվական համակարգում տվյալների ճշգրիտ լրացման անհրաժեշտությունը և ուսուցիչների ծանրաբեռնվածության  հաշվարկը:

Ըստ աղբյուրի՝ Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է՝ ավելի քան 700 դպրոցներ արդեն ստացել են Բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) լաբորատորիաներ, և կարևորել դրանց ակտիվ կիրառումը բնագիտական առարկաների դասավանդման որակի բարձրացման համար: 

Անդրադառնալով ուսուցիչների մասնագիտական զարգացմանն ուղղված աշխատանքներին՝ Արաքսիա Սվաջյանը խոսել է կամավոր ատեստավորման գործընթացի մասին, որի հայտագրումը բաց է մինչև սեպտեմբերի 30-ը: Նրա խոսքով՝ բոլոր առարկաներից ապահովվելու է թեստային առաջադրանքների բարդության համաչափությունը: Ուղեցույցներն այս տարի հրապարակվել են նախքան հայտագրումը, որպեսզի ուսուցիչներն ավելի լավ պատրաստվելու և ծանոթանալու հնարավորություն ունենան:

Կարևորելով հանրակրթության չափորոշի ներդրման շրջանակում իրականացվող աշխատանքները՝ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ հիմնական դպրոցի դասարանների համար նոր դասագրքերն հիմնականում առկա են՝ բացառությամբ մեկ-երկու դասագրքի: Ավագ դասարաններում մի շարք առարկաների համար նոր դասագրքեր չեն ստեղծվել՝ պայմանավորված այն հանգամանքով, որ կա՛մ հայտեր չեն ներկայացվել, կա՛մ ներկայացված հայտերը փորձաքննության շեմը չեն հաղթահարել: Նման դասագրքերի մրցույթները նորից են հայտարարվել: Իսկ 2025-2026  ուստարում նշված առարկաների դասավանդումն անհրաժեշտ է կազմակերպել հին դասագրքերով: 

Նշվում է, որ այն առարկաները, որոնց ծրագրերն ամբողջությամբ փոխված են և չեն համապատասխանում հին դասագրքերին, կդասավանդվեն ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից մշակված ուսումնական նյութերով, զուգահեռաբար դասավանդող ուսուցիչների համար կազմակերպվում են վերապատրաստումներ: 

Խոսելով դպրոցներում երկարօրյա ծառայության մասին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է, որ այն կրթության որակին և սովորողի խնդիրների լուծմանն ուղղված նոր գործիք է, որն անհրաժեշտ է  առավել արդյունավետ կիրառել: 

Չորրորդ և իններորդ դասարաններում՝ որպես նոր չափորոշչով ավարտողներ, քննությունները նոր ձևաչափով են կազմակերպվելու: 

«ԲՏՃՄ առարկաներից իններորդ դասարանցիները կարող են ընտրել թեստային կամ նախագծային աշխատանք: Ինչ վերաբերում է «Գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների քննությանը, ապա  այն արդեն երկու տարի է, ինչ էսսեի ձևաչափով է անցկացվում: Սովորողներին տրվում է պատմական որևէ իրադարձությանն առնչվող  գրական որևէ ստեղծագործություն, որը սովորողները պետք է վերլուծեն՝ իրենց ստեղծագործական, քննադատական կարողություններին համապատասխան»,- տեղեկացրել է Արաքսիա Սվաջյանը՝ հավելելով, որ 12-րդ դասարանում քննություններն անցկացվելու են նույն ձևաչափով, ինչ նախորդ տարի:

Խոսելով ՀՀ կառավարության՝ 300 դպրոցների և 500 մանկապարտեզների կառուցման և վերակառուցման ծրագրի մասին՝ Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է՝ Արարատի մարզում 33 դպրոց շինարարության փուլում է, որից 3-ն արդեն շահագործման են հանձնվել: 

Անդրադարձ է եղել նաև առաջին դասարան չընդունված հատուկ կրթական կարիքներով երեխաների խնդիրներին: Կարևորվել է դպրոցների, ծնողների և հոգեբանների համատեղ աշխատանքը այս երեխաներին աջակցելու համար:

ԿԳՄՍ նախարարության տեղեկացմամբ՝ օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում հանդիպում է տեղի ունեցել նաև նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների և փոխտնօրենների հետ: Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է՝ նախադպրոցական կրթության նոր չափորոշչով աշխատանքների ներդրմանը կաջակցեն 23 մենթոր նախադպրոցական հաստատություններ՝ իրականացնելով վերապատրաստումներ և մասնագիտական զարգացման աշխատանքներ: 

Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ ողջ հանրապետությունում նախադպրոցական 63 մանկավարժ ունի տարակարգ, որից 11-ը՝ Արարատի մարզից: 

ԿԳՄՍ նախարարի տեղակալը մինչ խորհրդակցության մեկնարկը ծանոթացել է Արարատի մարզի դպրոցների նախագծային աշխատանքների ցուցահանդեսին՝ շնորհակալություն հայտնելով էքսպոյի մասնակից աշակերտներին և նախորդ ուսումնական տարվա ընթացքում չափորոշչի ներդրումն ապահովող ուսուցչական կազմին՝ ներդրած հսկայական ջանքերի համար:  «Միասին պետք է ունենանք դպրոցական այն միջավայրերը, որոնք հնարավորություն կտան ժամանակակից, արդիական, բոլոր պայմաններով հագեցած կրթություն կազմակերպել։ Ունենք այնպիսի ուսուցիչներ, որոնք տիրապետում են ժամանակակից մանկավարժության ամենաառաջադեմ և ամենաարդյունավետ մեթոդներին»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ կարևորելով ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացման ծրագրերն ու աշակերտների համար բազմակողմանի կրթական ծրագրեր ներդնելու անհրաժեշտությունը: 

Շնորհակալագրեր են հանձնվել «Ամսվա լավագույնները» անվանակարգի հաղթող ուսուցիչներին և Խոսրովի արգելոցում վերջերս բռնկված հրդեհի մեկուսացման աշխատանքներին մասնակցած Ուրցաձորի ու Վեդու մի խումբ աշակերտների:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում