Եվրոպա

Սիյարտոն Ուկրաինային մեղադրել է նավթատարին հարվածելու համար, Սիբիհան խորհուրդ է տվել բողոքներն ուղղել Մոսկվային

2 րոպեի ընթերցում

Սիյարտոն Ուկրաինային մեղադրել է նավթատարին հարվածելու համար, Սիբիհան խորհուրդ է տվել բողոքներն ուղղել Մոսկվային

Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ Ուկրաինան հերթական անգամ թիրախավորել է խողովակաշարը, որով Հունգարիան նավթ է ստանում Ռուսաստանից: Նավթի մատակարարումը երկիր անորոշ ժամանակով դադարել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սիյարտոն գրել է X սոցիալական հարթակում:

Ըստ արտգործնախարարի՝ Ռուսաստանի էներգետիկայի փոխնախարար Պավել Սորոկինը տեղեկացրել է, որ մասնագետները փորձում են վերականգնել փոխակերպման կայանը, որը կենսական նշանակություն ունի խողովակաշարի գործարկման համար, սակայն պարզ չէ, թե երբ կվերսկսվեն մատակարարումները:

«3,5 տարի շարունակ Բրյուսելը և Կիևը փորձել են Հունգարիան ներքաշել Ուկրաինայում պատերազմի մեջ: Մեր էներգետիկ մատակարարումների վրա ուկրաինական այս պարբերական հարձակումները ծառայում են նույն նպատակին», - գրել է Սիյարտոն:

Նախարարը շեշտել է, որ սա Հունգարիայի պատերազմը չէ, և քանի դեռ իրենց թիմն է իշխանության, Հունգարիան չի ներգրավվի դրա մեջ:

«Եվ վերջում, հիշեցում Ուկրաինայում որոշում կայացնողներին՝ Հունգարիայից եկող էլեկտրաէներգիան կենսական դեր է կատարում ձեր երկրի էլեկտրամատակարարման գործում», - եզրափակել է նա:

Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհան արձագանքել է այս մեղադրանքներին:

«Պետեր, ոչ թե Ուկրաինան, այլ Ռուսաստանն է սկսել այս պատերազմը և հրաժարվում է այն ավարտել», - գրել է Սիբիհան X հարթակում: 

Նա նշել է, որ Մոսկվան «հուսալի գործընկեր չէ», հետևաբար, բոլոր բողոքներն ու սպառնալիքները Հունգարիան պետք է ուղարկի «Մոսկվայում իր բարեկամներին»: 

Օրեր առաջ Բուդապեշտը քննադատել էր Կիևին Ռուսաստանի Բրյանսկի մարզում «Դրուժբա» նավթատարի բաշխիչ հանգույցին հարվածելու համար: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում