Մերձավոր Արևելք

ԵՄ-ում քննադատել են Արևմտյան ափին նոր բնակավայրեր կառուցելու Իսրայելի պլանները

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ում քննադատել են Արևմտյան ափին նոր բնակավայրեր կառուցելու Իսրայելի պլանները

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը վստահություն է հայտնել, որ Հորդանան գետի Արևմտյան ափին նոր բնակավայրեր կառուցելու Իսրայելի իշխանությունների ծրագիրը խաթարում է երկու պետության բանաձևով լուծումը և միջազգային իրավունքի խախտում է։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է օգոստոսի 14-ին Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության (EEAS) տարածած հայտարարության մեջ:

«Եթե բնակավայրերի կառուցման քայլը կյանքի կոչվի, այն ընդմիշտ կխզի օկուպացված Արևելյան Երուսաղեմի և Արևմտյան ափի միջև աշխարհագրական և տարածքային կապը և կխզի Արևմտյան ափի հյուսիսային և հարավային մասերի միջև կապը», - զգուշացրել է Բրյուսելը:

ԵՄ-ն կրկին կոչ է արել Իսրայելին դադարեցնել բնակավայրերի կառուցումը: Ըստ հաղորդագրության՝ այս «միակողմանի որոշումները» սրում են արդեն իսկ լարված իրավիճակը տարածաշրջանում և էլ ավելի են խաթարում խաղաղության հասնելու ցանկացած հնարավորություն։

ԵՄ-ն նշում է, որ Իսրայելը պետք է դիտարկի «երկու պետության բանաձևի կենսունակությունը պաշտպանելու միջոցներ»:

Գերմանիան նույնպես քննադատել է Արևմտյան ափին նոր բնակավայրեր կառուցելու Իսրայելի ծրագիրը։ Ըստ dpa գործակալության՝ Գերմանիայի արտգործնախարարության խոսնակը հայտնել է, որ բնակավայրերի կառուցումը խախտում է միջազգային իրավունքը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերը։ 

«Դա դժվարացնում է երկկողմ համաձայնագրի ձեռք բերումը, ինչպես նաև Իսրայելի կողմից Արևմտյան ափի օկուպացիայի դադարեցումը, ինչպես պահանջում է Միջազգային (խմբ.՝ քրեական) դատարանը», - հավելել է պաշտոնյան։

Արևմտյան ափին իսրայելական նոր բնակավայրերի կառուցման E1 նախագծի վերսկսման մասին ավելի վաղ հայտարարել էր Իսրայելի ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում