Կրթություն

Կառավարությունը լրացուցիչ ֆինանսական աջակցություն կտրամադրի ինչպես բարձր, այնպես էլ ցածր կատարողական ունեցող դպրոցներին

6 րոպեի ընթերցում

Կառավարությունը լրացուցիչ ֆինանսական աջակցություն կտրամադրի ինչպես բարձր, այնպես էլ ցածր կատարողական ունեցող դպրոցներին

ՀՀ կառավարության ընդունած նոր որոշման համաձայն՝ լրացուցիչ ֆինանսական աջակցություն կտրամադրվի ինչպես բարձր, այնպես էլ ցածր կատարողական ունեցող դպրոցներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարությունը համապատասխան որոշումն ընդունեց օգոստոսի 14-ի նիստի ընթացքում։ 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ներկայացնելով բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը սահմանելու մասին նախագիծը, նշեց, որ այն շատ կարևոր է կրթության ոլորտի բարեփոխումների ողջ գործընթացում և ուղղված է ցույց տալու, որ մեծ ծավալի աշխատանքներ են իրականացնում ինչպես ենթակառուցվածնքների զարգացման, այնպես էլ որակի կրթության բարձրացման համար։

Անդրեասյանի բնորոշմամբ՝ ներդրվում է մի գործիքակազմ, որը թույլ է տալու մի կողմից գնահատել դպրոցների աշխատանքը, մյուս կողմից էլ թույլ են տալու խրախուսել այն դպրոցներին, որոնք լավ աշխատանք են կատարում և խթանել կրթության ոլորտում գերազանցությունը, նորարարությունը, ինչպես նաև անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել այն դպրոցներին, որոնք չունեն բավարար արդյունքներ։

«Այսպիսով, ներդրվում է բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատություններին խրախուսելու և ցածր կատարողականի արդյունքով՝ աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը, որն ունի երկու բաղադրիչ․ առաջին բաղադրիչը բարձր կատարողական ցուցաբերած դպրոցներն են, որոնց մրցութային հիմունքներով նախատեսում ենք տրամադրել լրացուցիչ ֆինանսավորում՝ տարեկան մինչև 10 միլիոն դրամի չափով, որը կարող է ուղղվել ընթացիկ ծախսերին, այսինքն՝ հիմնականում այս աշխատանքները պետք է ուղղված լինեն մասնագիտական զարգացման լրացուցիչ ծրագրերին, նոր մեթոդների ներդրմանը, նորարարական տեխնոլոգիաներին և այլն։ Շատ կարևոր է՝ ինչպես են ընտրվելու դպրոցները․ ամեն տարի մինչև հունիսի 30-ը մենք հնարավորություն ենք տալու, որպեսզի նրանք դիմեն մրցույթին։ Իհարկե, կան պայմաններ, թե ովքեր կարող են դիմել մրցույթին։ Մենք, օրինակ, հաշվի ենք առնելու դպրոցում կամավոր ատեստավորված ուսուցիչների համամասնությունը»,-նշեց ԿԳՄՍ նախարարը՝ նկատելով, որ այս ամենը մոտիվացիա կհաղորդի մյուս դպրոցներին՝ բարելավելու իրենց արդյունքները։

Ցածր կատարողական ունեցող դպրոցների առումով Ժաննա Անդրեասյանը նշեց, որ դրանց տրվելիք աջակցության տրամաբանությունը հասկանալու համար գնահատվելու է ամբողջ համակարգը։

«Ամեն տարի՝ հոկտեմբերի ընթացքում տեղեկատվական համակարգում արդեն իսկ յուրաքանչյուր դպրոցի մասին առկա մանրամասն տեղեկատվության հիման վրա ինքնաշխատ հաշվետվություն՝ ըստ համապատասխան չափանիշների, և մենք առանցնացնելու ենք ամենացածր արդյունք գրանցած 40 հաստատությունները՝ համաձայն տեղեկատվական համակարգի տվյալների։ Այնուհետև հաջորդ փուլում գնահատման և թեստավորման կենտրոնը տվյալ հաստատություններում իրականացնելու է սովորողների առաջադիմության կամ գիտելիքների ստուգման գործընթաց, և մենք տեսնելու ենք նաև տեղեկատվական համակարգի տվյալներով ամենացածր ցուցանիշներ ունեցող դպրոցներում երեխաների գիտելիքների և դրանց յուրացման հետ կապված իրավիճակը։ Այս երկու տվյալների արդյունքներով՝ ընտրվելու են ամեն տարվա արդյունքներով առավելագույնը 30 հաստատություններ, որոնց կցվելու են մենթոր դպրոցներ կամ հաստատություններ, որոնք պետք է աջակցեն նրանց և կազմվելու է մենթորների աջակցությամբ բարելավման ծրագիր, որը պետք է ունենա 2 տարվա տևողություն»,-ասաց Անդրեասյանը՝ հավելելով, որ այդ ժամկետում լրացուցիչ ֆինանսավորում է հատկացվելու դպրոցներում անհրաժեշտ աշխատանքներն իրականացնելու՝ տարեկան բյուջեի 5 տոկոսի չափով, որը չի կարող պակաս լինել 5 միլիոն դրամից։

Ժաննա Անդրեասյանը շեշտեց, որ երկու տարվա արդյունքով, եթե դպրոցը չունենա բավարար արդյունքներ, ապա նաև քննարկվելու է դպրոցի ղեկավարության պաշտոնավարման հարցը։

Այս բաղադրիչի շուրջ կարծիք հայտնեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ երկու տարի ժամկետը, կարծես թե, երկար է թվում, ինչին ի պատասխան՝ Անդրեասյանը նշեց, որ լավ արդյունքների դեպքում փող ենք տալիս, որ նոր, լավ բաներ անեն, իսկ վատ արդյունքների դեպքում փող ենք տալիս, որ ստանանք միջավայր, որի կարիքը կա։ 

«Փորձը ցույց է տալիս, որ դպրոցները, որոնք ունեն վատ արդյունքներ, ունեն արտաքին աջակցության կարիք, և ներքին ռեսուրսը բավարար չէ, որպեսզի կարողանան հաղթահարել այդ դժվարությունը»,-ասաց ԿԳՄՍ նախարարը՝ ցավով արձանագրելով, որ ՀՀ-ում կան դպրոցներ, որտեղից, օրինակ, ոչ մի երեխա բուհ չի դիմել։ 

Նա նաև նշեց, որ բարձր կատարողականի, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունք ունեցող հաստատությունների ցանկում չեն կարող ընգրկվել այն հաստատությունները, որոնցում սովորողների թիվը 50-ից պակաս է: 

Նախարարի բնորոշմամբ՝ յուրաքանչյուր տարի ֆինանսական խրախուսում և աջակցություն ստացող կընդգրկվի առավելագույնը 50 դպրոց։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում