Տնտեսություն

1990թ. ՀՆԱ-ի վերանայում` նվազեցման ուղղությամբ երբեք տեղի չի ունեցել. Արմստատն արձագանքել է Բագրատյանի պնդումներին

8 րոպեի ընթերցում

1990թ. ՀՆԱ-ի վերանայում` նվազեցման ուղղությամբ երբեք տեղի չի ունեցել. Արմստատն արձագանքել է Բագրատյանի պնդումներին

Վիճակագրական պետական խորհրդի անդամ  Լիլիթ Պետրոսյանը պարզաբանումներ է ներկայացրել օգոստոսի 7-ին նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի՝ ֆեյսբուքյան էջում արված այն պնդմանը, որ 1990թ. ՀՀ ՀՆԱ-ի մակարդակը նվազեցվել է:

«Արմենպրես»-ը Պետրոսյանի պարզաբանումը ներկայացնում է ամբողջությամբ. 

«Նախ,  ինչ վերաբերում է այն պնդմանը, որ հետին թվով իջեցվել է 1990թ. ՀՀ ՀՆԱ մակարդակը, երբ «այն ժամանակ ՀՆԱ չկար», ինչի «շնորհիվ 1990-2024թթ. ՀՀ տնտեսությունն աճել է 2.8 անգամ, Ադրբեջանինը՝ 3.1 անգամ, իսկ Վրաստանինը՝… 1.4 անգամ», ապա հարկ է նշել, որ ժամանակ առ ժամանակ այդ պնդումը նորից հնչեցվում է, երբ Արմստատը,  բազմաթիվ անգամ, 90-ականների առաջին կեսի վիճակագրական հրապարակումներին հղումներով, փաստագրված կերպով հերքել է. «1990թ.-ի ՀՆԱ –ի վերանայում՝ նվազեցման ուղղությամբ երբեք տեղի չի ունեցել: Այն մնացել է նույն 10060.9 մլն խորհրդային ռուբլի արժեքով»: Այսպես, Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության անցումային տնտեսությամբ երկրների հետ համագործակցության Կենտրոնի կողմից Հայաստանում ազգային հաշիվների ցուցանիշների, և հատկապես ՀՆԱ-ի ներդրման աշխատանքների առաջին փուլի արդյունքներն ամփոփվել են 1995 թվականին  (տե'ս “Национальные счета Армении, 1990-1993”, Статистический сборник, Управление по статистике, государственному регистру и анализу Республики Армения, Организация Экономического сотрудничества и развития, Центр по сотрудничеству со странами с переходной экономикой, Ереван, декабрь, 1995, էջ 1): 

Այդ հրապարակման մեջ առաջին անգամ հրապարակվել է 1990 թվականի Հայաստանի ՀՆԱ-ի ցուցանիշը: 1994թ.-ին հրապարակված Հայաստանի 1990թ.-ի «Արտադրված ազգային եկամտի» ցուցանիշը` 6976.6 մլն խորհրդային ռուբլի արժեքով (ՀՀ վիճակագրական տարեգիրք, 1991, ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն, Երևան, 1994, էջ 11) մեկ տարի անց վերահաշվարկվել է որպես «համախառն ներքին արդյունքի» ցուցանիշ 10060.9 մլն. խորհրդային ռուբլի արժեքով, որը վերը հիշատակված երկու հրապարակումների մեջ (էջ 4) նույն արժեքով ներկայացված է նաև որպես «համախառն ազգային եկամուտ», այն պատճառով, որ Հայաստանի վճարային հաշվեկշիռն առաջին անգամ կազմվել է 1993թ.-ից, որից հետո արդեն «համախառն ներքին արդյունքի» և «համախառն ազգային եկամտի» արժեքային ցուցանիշների միջև սկսել են արձանագրվել տարբերություններ (տե՛ս նույն հրապարակումները, էջ 4: Տե´ս նաև “Таблицы по национальным счетам, Армения”, Статистический сборник, Управление по статистике, государственному регистру и анализу Республики Армения, Организация Экономического сотрудничества и развития, октябрь, 1997): Այնպես որ, 1990 թվականի ՀՆԱ-ի վերանայում` նվազեցման ուղղությամբ երբեք տեղի չի ունեցել: Այն մնացել է նույն 10060.9 մլն խորհրդային ռուբլի արժեքով: Ընդհանրապես,  ՀՆԱ-ի հաշվարկը, այդ թվում` աճի և նվազման տեմպերը, ըստ Ազգային Հաշիվների Համակարգ (ԱՀՀ) ձեռնարկի, իրականացվում է բացառապես ազգային արժույթով: 1990 թվականին ազգային արժույթը ԽՍՀՄ ռուբլին էր (տե՛ս օրինակ՝ «ՀՀ վիճակագրական կոմիտեն պարզաբանում է կիրառվող վիճակագրական մեթոդաբանության շուրջ քննադատությունները», ԱՐՄԵՆՊՐԵՍ, 30 դեկտեմբերի, 2019թ., 9 և 10-րդ պարբերությունները, կամ  «Վիճակագրական կոմիտեն հերքում է 1990թ. ՀՆԱ-ի ցուցանիշները նվազեցնելու մասին  Բագրատյանի պնդումները», ԱՐՄԵՆՊՐԵՍ, 24 փետրվարի, 2020թ.):

Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե Հայաստանը «1991-2023թթ. ունենալով տնտեսական աճի ավելի բարձր տեմպեր, քան հարևան Վրաստանը և մոտավորապես այնքան, որքան Ադրբեջանը, Հայաստանը (չնայած բնակչության թվի 26 % անկմանը), 1 շնչին ընկնող ՀՆԱ-ով (22823 դոլար) ետ է ինչպես Ադրբեջանից (25089 դոլար), այնպես էլ Վրաստանից (28418 դոլար):», ապա, նախ հարկ է նշել, որ Հայաստանի բնակչության թվաքանակն ըստ Համաշխարհային Բանկի (ՀԲ) տվյալների  շտեմարանի  1990-2024 թվականներին  նվազել է ոչ թե  26 %-ով, այլ 14.6%-ով, Վրաստանի բնակչության թվաքանակը նվազել է 23.5%-ով, իսկ Ադրբեջանինն ավելացել է 42.2%-ով: Իսկ մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի վերոգրյալ տվյալներն ըստ գնողունակության համարժեքության, ընթացիկ միջազգային դոլարով 2024թ.-ի համար ՀԲ գնահատականներն են: 

Նույն աղբյուրում, նույն ժամանակաշրջանի համար առկա են մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի այլ գնահատականներ ևս: Օրինակ՝  ազգային արժույթով՝ ընթացիկ և մշտական (constant) գներով, 2015 թ.-ի մշտական (constant) գներով, ԱՄՆ դոլարով, ըստ գնողունակության համարժեքության 2021թ.-ի մշտական (constant) գներով միջազգային ԱՄՆ դոլարով, ըստ ընթացիկ տարեկան փոխարժեքների ԱՄՆ դոլարով: Վերջին ցուցանիշները 2024թ.-ին Հայաստանի համար կազմել է 8501 ԱՄՆ դոլար, Ադրբեջանի համար՝  7284 և Վրաստանի համար 9194 ԱՄՆ դոլար:

Ինչպես բազմիցս նշվել է ըստ ԱՀՀ 2008 ստանդարտի (մեթոդաբանության), մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն և դրանց փոփոխությունների ինդեքսները հաշվարկվում են բացառապես տվյալ տարում երկրում կիրառվող  ազգային արժույթներով և ոչ թե  ԱՄՆ դոլարով կամ այլ երկրների  արժույթներով, իսկ  ԱՄՆ դոլարով հաշվարկներն իրականացվում են միջազգային համադրումների նպատակով: Միջազգային համադրումների  պարագայում կարևոր են ոչ միայն հաշվետու ժամանակաշրջանում տվյալ երկրի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի ընթացիկ փոխարժեքները, այլև ազգային արժույթների անվանափոխությունները (օրինակ կուպոնը՝ լարիի), հիպերինֆլյացիաները, դենոմինացիաները (օրինակ մանաթի) ու այսպես շարունակ,  և վերջապես, ՀԲ կողմից պարբերաբար իրականացվող ԱՄՆ դոլարի գնողունակության համարժեքության  համաշխարհային ծրագրի արդյունքները, որոնք, ըստ երկրների, հաճախ արտահայտում են էական տարբերություններ: Արժույթների գնողունակության (ԳՀ)  վրա հիմնված Միջազգային համադրումների ծրագիրն (ՄՀԾ) աշխարհի բոլոր տարածաշրջաններն ընդգրկող ամենամեծ վիճակագրական նախագիծն է:

Գնողունակության համարժեքությունն արժույթների հարաբերակցություն է, որը հաշվի է առնում  տարբեր տնտեսություններում գների մակարդակը: Այն  որոշվում է ապրանքների և ծառայությունների համախմբի արժեքի հավասարության հիման վրա, որը հաշվարկվում է համեմատվող տնտեսությունների գներով և արժույթներով»:  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում