Միացյալ Նահանգները բացում է դռները Հայաստանի տեխնոլոգիական կյանքի և տնտեսության առաջ․ Մխիթար Հայրապետյան
4 րոպեի ընթերցում
Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հարյապետյանը, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում վերջին օրերին Վաշինգտոնում էր, մանրամասներ է ներկայացրել այցի ընթացքում ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրից, որը վերաբերում է արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտներում համագործակցությանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մխիթար Հայրապետյանն ընդգծել է, որ Վաշինգտոնում երկու հիմնական իրադարձություն է տեղի ունեցել, որոնք ուղիղ կերպով առնչվում են Հայաստանի տեխնոլոգիական զարգացման, ինժեներական ոլորտի զարգացման, նորարարություններ խթանմանը։
«Առաջինը երկու երկրների ղեկավարների ստորագրած փոխըմբռնման հուշագրերն են, որոնցից մեկը վերաբերում էր արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտին, մեզ համար կարևորագույն ռազմավարական նշանակություն ունեցող երկու ուղղությունների համատեքստում Հայաստանի և ԱՄն-ի միջև համագործակցությունը խորացնելուն։ Հաջորդը իմ և Սպիտակ տան տեխնոլոգիաների և գիտության հարցերով գրասենյակի տնօրեն և տեխնոլոգիաների և գիտության հարցերով ԱՄՆ նախագահի գլխավոր խորհրդական Մայքլ Կրացոսի հանդիպումը։ Թե հուշագիրը, թե մեր հանդիպումը մի քանի կարևոր արձանագրման մասին էին։ Նախևառաջ թեման հիմնականում վերաբերում էր կիսահաղորդիչների էկոհամակարգի զարգացմանը Հայաստանում։ Սա նշանակում է, որ ամերիկյան ընկերությունները, որոնք համագործակցություն ունեն հայկական ինժեներական ընկերությունների հետ, խորացնում են այդ համագործակցությունը»,- ասել է Հայրապետյանը։
Նա մանրամասնեց, որ խոսքը գնում է տարատեսակ կոմպոնենտների ներմուծման մասին, որոնք անհրաժեշտ են կիսահաղորդիչների նախագծման և նախատիպավորման համար։ «Մենք նախ հեշտացնում ենք դրանց ներմուծման մեխանիզմները։ Ինչպես նաև կիսահաղորդիչների մատակարարման շղթայում պետք է համատեղ մեխանիզմներ ներդրվեն, որոնք պետք է կառուցված լինեն երկկողմ վստահության և ռազմավարական գործընկերության վրա։ Կարծում եմ, որ սա ընդհանրապես Հայաստանում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի զարգացման, Հայաստանում նոր գիտելիքներ, նոր տեխնոլոգիաներ կենտրոնացնելու տեսանկյունից կարող է լինել բեկումնային փաստաթուղթ»,- նշել է նախարարը։
Մխիթար Հայրապետյան մանրամասնել է, որ երկրորդ ուղղությունը, որը կրկին ռազմավարական նշանակություն ունեցող է,արհեստական բանականության ոլորտում Հայաստանի և ԱՄՆ-ի ուժերի համատեղումն է։ «Սա նշանակում է, որ արհեստական բանականության տվյալային կենտրոնների կառուցման, Հայաստանում հաշվողական ռեսուրսների հասանելիության ապահովման համար ապագայում բոլոր խոշոր գործարքները և իրադարձությունները հիմնված են լինելու հենց այս փաստաթղթի տրամաբանության վրա։ Սրանով Միացյալ Նահանգները բացում է դռները Հայաստանի տեխնոլոգիական կյանքի և ընդհանրապես Հայաստանի տնտեսության համար, քանի որ այդօրինակ նորարար և ամենաառաջադեմ տեխնոլոգիաների հասանելիությունը բացառիկ հնարավորություն է Հայաստանի և Հայաստանի տնտեսության համար»,- եզրափակել է Հայրապետյանը։