Քաղաքականություն

Համոզված եմ, որ Հայաստանը և Ադրբեջանը կգտնեն քաջություն և պատասխանատվություն հաշտվելու. Ալիև

3 րոպեի ընթերցում

Համոզված եմ, որ Հայաստանը և Ադրբեջանը կգտնեն քաջություն և պատասխանատվություն հաշտվելու. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում հայտարարել է, որ վստահ է՝ Հայաստանը և Ադրբեջանը կգտնեն քաջություն և պատասխանատվություն հաշտվելու և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եռակողմ հանդիպումից և «Թրամփի երթուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար» հռչակագրի ստորագրումից հետո Ալիևը շնորհակալություն է հայտնել Թրամփին Հարավային Կովկասում պատմական խաղաղություն բերելու ջանքերի համար։

Ալիևի խոսքով՝ եթե չլիներ Թրամփի և նրա թիմի միջնորդությունը, Հայաստանը և Ադրբեջանը դեռ կլինեին անավարտ բանակցային գործընթացում։ Նա ընդգծել է, որ Թրամփը կարողացել է ամիսների ընթացքում ավարտել հակամարտությունները Ասիայում, Աֆրիկայում և հիմա՝ Հարավային Կովկասում։

«Մենք ստիպված էինք զոհեր տալ, կռվել, անցնել երկու շատ ծանր պատերազմների միջով։ Իսկ այսօր խաղաղություն ենք հաստատում Կովկասում։ Սա կբացի մեծագույն հնարավորություններ ոչ միայն մեր տարածաշրջանի, այլ նաև բազմաթիվ երկրների համար՝ ներդրումների, կայունության, բարեկեցության տեսանկյունից»,- ասել է Ալիևը։

Նա նաև հիշեցրել է, որ Հայաստանը և Ադրբեջանը անկախություն են ձեռք բերել միաժամանակ՝ Խորհրդային Միության փլուզումից հետո, սակայն արդեն այդ ժամանակ երկու երկրները պատերազմի մեջ էին։

«Համոզված եմ, որ Հայաստանը և Ադրբեջանը կգտնեն քաջություն և պատասխանատվություն հաշտվելու, ժողովուրդներն էլ կհաշտվեն, մենք շուռ կտանք առճակատման, հակամարտության, արյունահեղության էջը և պայծառ ապագա կապահովեք մեր երեխաներին։ Շատ երջանիկ եմ, քանի որ այսօր մենք գրում ենք նոր հրաշալի պատմություն։ Կրկին պարոն նախագահ շնորհակալություն այն ամենի համար, ինչ անում եք մեզ համար, մեր տարածաշրջանի համար և ամբողջ աշխարհի համար»,- հայտարարել է Ալիևը։

Վաշինգտոնում մեկնարկել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Մինչ այդ Թրամփն առանձին հանդիպել էր Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։ Փաշինյանի հետ հանդիպման ավարտին ստորագրվել են փաստաթղթեր։

Եռակողմ հանդիպման ընթացքում կողմերը հանդես են գալիս հայտարարություններով։

Կարդացեք հոդվածը` FrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում