6 րոպեի ընթերցում
Ապրելով հայրենիքից դուրս՝ անմասն չմնալ հայաստանյան մշակութային իրադարձություններից, դրանք հասանելի դարձնել հայրենակիցներին և ոչ միայն․ Չեխիայում բնակվող Բելլա Կնյազչյանն ահա այս մոտեցմամբ է առաջնորդվում՝ փորձելով ոչ միայն ձեռքը պահել հայաստանյան մշակութային զարկերակի վրա, այլև Պրահայում հանդես գալ տարբեր միջոցառումներով։ Նա այդ ուղղությամբ ծրագրերը կյանքի է կոչում իր հիմնադրած հայ-չեխական «ČARM» կազմակերպության ու դրա շուրջ համախմբած մի խումբ ակտիվ հայերի շնորհիվ։
Բելլա Կնյազչյանը Չեխիայում աշխատում է ֆինանսական ոլորտում, սակայն մինչ այդ Իտալիայում ուսումնասիրել է արվեստի և մշակույթի մենեջմենթը։ Ահա արվեստի ու մշակույթի հանդեպ սերը նրան չի թողնում մնալ միայն ֆինանսների աշխարհում։ Նա իր մասնագիտական հմտությունները գործի է դնում Չեխիայում հայկական մշակույթը հանրահռչակելու հարցում։
«2021 թվականի ապրիլն էր, երբ տեղափոխվեցի Պրահա։ Ասեմ, որ սկիզբը բավականին բարդ էր, հետքովիդյան ժամանակաշրջանն էր։ Գրեթե ամեն ինչ փակ էր, սահմանափակումներն ամենուր էին, ոչ մի միջոցառում չէր կազմակերպվում, քաղաքը, կարելի է ասել, դատարկ էր, զբոսաշրջիկներ չկային։ Դրա համար սկզբում փոքր-ինչ սթրեսային էր, որովհտև սահմանափակումների ֆոնին ոչինչ տեղի չէր ունենում։ Բարեբախտաբար, Պրահայում ընկերներ ունեի և այդ դժվար փուլը հաղթահարեցի նաև նրանց շնորհիվ»,- ասաց Բելլա Կնյազչյանը։
Քովիդով պայմանավորված սահմանափակումները կամաց-կամաց հանվում էին, կյանքն իր բնականոն հունին էր վերադառնում, ակտիվությունը վերականգնվում էր։ Բելլան իր բնավորության համաձայն՝ ցանկացած այլ երկրում փնտրում է հայկական համայնք։ Չեխայում նույնպես այդ մոտեցումն էր։ Ծանոթություններ հաստատելու առաջին քայլերը տարան տեղի հայկական եկեղեցի, որտեղից էլ սկսվեցին ծանոթությունները։
Այսօր արդեն հայ ընկերներով փորձում են իրենց ներդրումն ունենալ Չեխիայում հայկական մշակութային կյանքն ակտիվացնելու գործում։ Բավականին երիտասարդ կազմակերպությունն արդեն հասցրել է ֆիլմերի ցուցադրություններ կազմակերպել, Չեխիայում անցկացնել հայկական մշակութային օրեր, սպորտային միջոցառումներ, քայլարշավներ, ակտիվ են եղել նաև Հայաստանի համար դժվարին շրջանում՝ բարձրաձայնելով անվտանգային, հումանիտար խնդիրները։
«Միջոցառման շրջանակում ունեցանք տարազների ցուցադրություն, հայ նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես, ներկայացվեց Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը։ Հայկական եկեղեցում անցկացվեց Կոմիտասին նվիրված համերգ։ Եղան դասախոսություններ՝ նվիրված տարազներին, ժամանակակից արվեստի ուղղություններին։
Ի դեպ, Տերյան մշակութային կենտրոնի աջակցութամբ միջոցառման շրջանակում Պրահայում բացվեց հայկական տարազներով ֆոտոստուդիա։
Մենք շատ ենք կարոտում մեր հայրենիքը, հայկական մշակույթը, դրա համար էլ շատերը մեծ հաճույքով գալիս են այդ միջոցառումներին։ Փորձում են կարոտն այդ կերպ առնել։ Ես կցանկանայի նշել, որ մշակութային միջոցառումները չեն կազմակերպվում միայն հայերի համար, մենք փորձում ենք ներգրավել նաև օտարերկրացիներին։ Մեր նպատակը հայկական մշակույթը նաև եվրոպացիներին ներկայացնելն է։ Թիրախը հիմնականում եվրոպացիներն են։ Շատերը լավ ծանոթ չեն հայկական մշակույթին, և փորձում ենք լավագույնը ներկայացնել՝ հասանելի դարձնելով օտարերկրացիներին։ Օրինակ, եթե ֆիլմի ցուցադրություն է, ապա անպայման դա արվում է անգլերեն ենթագրերով, որ հասանելի լինի ոչ միայն հայերին»,-ասաց Բելլա Կնյազչյանը։
Բելլան նկատեց, որ Չեխիայի հայ համայնքը երիտասարդ է, այն ձևավորվել է 90-ականներից, 2000-ականներից հետո էլ որոշակի ալիք է եղել։ Չեխիայում ապրող հայերի մեծ մասը Հայաստանից գնացածներ են, որոնց կապը հայրենիքի հետ դեռ ամուր է, արվեստի, մշակույթի ոլորտում գործող հայաստանցի գործընկերների հետ ծանոթությունների շրջանակը պահպանվում է։ Դա կարելի է, թերևս, առավելություն դիտարկել, որովետև հենց այդ կապերն ու ծանոթություններ են օգնում, որ հայաստանյան մշակութային իրադարձությունների մի մասը շարունակություն գտնի Չեխիայում։ Կլինի գրքերի շնորհանդես, ֆիլմերի առաջնախաղ, թե համերգ, որոշ ժամանակ անց տեղի է ունենում նաև Պրահայում։
Խոսելով հայ-չեխական «ČARM» կազմակերպության առաջիկա անելիքներից՝ Բելլան նշեց, որ ծրագրում են Պրահայում կազակերպել հայկական ֆիլմերի փառատոն։ Կրկին Տերյան մշակութային կենտրոնի հետ համատեղ ցուցադրվելու է տարազների նոր տեսականի, Ազնավուրին նվիրված հավաքածու, կազմակերպվելու է հայկական զարդանախշերով ժամանակակից հագուստների և աքսեսուարների վաճառք։ Նախատեսվում է «Ամերիկացի» ֆիլմի ցուցադրությունը՝ ռեժիսոր Մայքլ Գուրջյանի մասնակցությամբ և հարց ու պատասխանի հնարավորությամբ։ Այժմ աշխատանք է տարվում հայկական ֆիլմերի փառատոնի անցկացման ուղղությամբ։ Պլանավորվում է ներկայացնել ոչ միայն խաղարկային, այլ նաև անիմացիոն և վավերագրական ֆիլմեր։ Կազմակերպությունը նախատեսում է նաև ներկայացնել Armenian Artists Project ծրագիրը, որի շրջանակներում կկազմակերպվի հայ արտիստների ստեղծագործությունների ցուցահանդես։ Նրա խոսքով՝ նպատակ ունեն նաև ինքնատիպ մշակութային կամուրջ ստեղծել Վիեննայի ու Բեռլինի միջև՝ ներգրավելով տեղի հայ համայնքի ներուժը։