Ազգային երգ ու պար Օձունում. օգոստոսի 2-ին կանցկացվի «Ճախրուկ» ներառական փառատոնը
6 րոպեի ընթերցում

Լոռու մարզի Օձուն գյուղն օգոստոսի 2-ին լցվելու է ազգային երաժշտությամբ։ Առիթը «Ճախրուկ» միջազգային ներառական փառատոնն է, որի շրջանակում մասնակիցները շեշտը դնելու են ազգային երաժշտության վրա, հնչելու են օրորոցայիններ, ինչպես նաև Կոմիտաս։ Օրվա հերոսները հատուկ կարիքներ ունեցող անձինք են։
Դեռ 2019 թվականին երաժիշտներ, կլինիկական հոգեբաններ Աննա և Անահիտ Մխիթարյանները սեփական նախաձեռնությամբ սկսեցին աշխատել Խարբերդի մասնագիտացված մանկատան սաների հետ։ Նրանց ծանոթացրին ազգային երաժշտական գործիքներին, երգ-երաժշտությանը և սկսեցին սովորեցնել նվագել։ Կարճ ժամանակ անց հիմնեցին «Ճախրուկ» մշակութային կենտրոնը, որտեղ մինչ օրս ուսուցանում են ազգային փողային և հարվածային գործիքներ, ազգային, հոգևոր, աշուղական, օրորոցային երգ-երաժշտություն՝ բացառապես Խարբերդի մասնագիտացված մանկատան սաներին։
2021 թվականին Աննա և Անահիտ Մխիթարյանները հիմնադրել են հատուկ կարիքներ ունեցող անձանց ազգային երաժշտության «Ճախրուկ» ամենամյա միջազգային ներառական փառատոնը, որն ամեն տարի տարբեր քաղաքներում ու համայնքներում է անցկացվում։
«Մարզերով շրջելը պատահական չէ, մենք ցանկանում ենք ցույց տալ սաների հնարավորությունները, թե ինչպես են կարողանում ներկայացնել մեր մշակույթը։ Ցանկանում ենք, որ համայնքների ներգրավվածությունը մեծ լինի։ Որքան էլ խոսենք, թե այս սաներն ինչ հաջողություններ են գրանցում, կարևոր է, որ մարդիկ շփվեն նրանց հետ, տեսնեն։ Մարզերով շրջելով՝ մենք ներգրավում ենք նաև մարզի կրթահամալիրների, արվեստի դպրոցի սաներին, հատուկ կարիքներ ունեցող երեխաների հետ աշխատող հասարակական կազմակերպություններին»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց «Ճախրուկ» փառատոնի համահիմնադիր Անահիտ Մխիթարյանը։

«Ճախրուկ» փառատոնն անցկացվում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի համագործակցությամբ։ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Գարեգին Սարգսյանը նշեց, որ սա առաջին համագործակցությունն է, բայց շարունակական է լինելու։
«Մի քանի ամիս առաջ մենք կնքեցինք մշակութային համագործակցության հուշագիր և մեր կառույցի ներքո գործող երկու երաժշտախմբերը, Երևանի պետական կամերային երգչախումբը և «Տաղարան» հնագույն երաժշտության համույթը կմասնակցեն փառատոնին։ Մեծ սիրով ցանկանում ենք ներդրում ունենալ այս նախաձեռնության մեջ։ Սաները համատեղ հանդես են գալու ինչպես նվագախմբի, այնպես էլ երգչախմբի հետ։ Փորձերն ակտիվ ընթանում են, շատ հուզիչ է երեխաների հետ աշխատելը։ Կարող եմ ասել, որ բավական հետաքրքիր համերգային ծրագիր է սպասվում»,-ասաց Գարեգին Սարգսյանը։

«Ճախրուկ» փառատոնի համահիմնադիր Աննա Մխիթարյանը նկատեց, որ իրենց ամբողջ երգացանկի հիմքում ազգային երաժշտությունն է։ Իրենց կատարած աշխատանքի փորձը ցույց է տալիս, որ նման դեպքում հոգևոր և օրորոցային երգերը բուժիչ ազդեցություն են ունենում երեխաների վրա։
«Երբ նոր էինք սկսում, բնականաբար դժվարություններ կային, հիմա տեսնում ենք, որ շատերի ընկալումները փոխվել են։ Մենք հիմա ցանկացած տեղ կարող ենք ելույթ ունենալ, ցանկացած միջոցառումների կարող ենք մասնակցել, համերգային ծրագրերով լինում ենք տարբեր ուսումնական հաստատություններում։ Այլ բան է, երբ դու խոսում ես «Ճախրուկ»-ի մասին, մեկ այլ բան է, երբ դու լսում ես այս երաժշտախմբին։ Հավատացեք, սաների ելույթից առաջ և հետո ամբողջությամբ փոխվում են ներկաների պատկերացումները, զգացողությունները»,-ասաց Աննա Մխիթարյանը։

Փառատոնի մասնակիցները այդ օրը հնարավորություն են ունենալու նաև իրենց ձեռքի աշխատանքը ներկայացնել սպասվող ցուցահանդեսի շրջանակում։ «Ճախրուկ» ՀԿ-ի նախագահ Անուշ Մխիթարյանը նշեց, որ լինելու է ազգային միասնական պար բոլոր մասնակիցների ներգրավմամբ։
«Հատուկ կարիքներ ունեցող երեխաներին մշակութային կրթության ծրագրերում ընդգրկելը շատ կարևոր է։ «Ճախրուկ» մշակութային կենտրոնում ունենք նաև գորգագործության, պարի, տիկնիկագործության, կար ու ձևի դասընթացներ։ Մեր կատարած աշխատանքի մոդելը ցույց է տալիս արդյունավետությունը ու թե ինչ հաջողություններ են գրանցում սաները։ Եվ պետք է չսահմանափակվել ու նման կրթական ծրագրելը հասանելի դարձնել շատերին»,-ասաց Անուշ Մխիթարյանը։

«Ճախրուկ» էթնո երաժշտախմբի սաները ստեղծել են կտավ, որը դարձել է Հայաստանում անցկացված Եվրոպական քաղաքական գագաթնաժողովի խորհրդանիշը և պաշտոնական դրոշմանիշը։ Կտավի բնօրինակը գտնվում է «Ճախրուկ» մշակութային կենտրոնում։
Ֆիզիկական հնարավորություններ ոչինչ են, եթե չունես հոգու թռիչք․ ահա այս գաղափարախոսությունն է կրում փառատոնը։
Ի դեպ, փառատոնի շրջանակներում ձևավորված համագործակցության արդյունքում Ղազախստանի Աբայի մարզը, վերցնելով «Ճախրուկի» փորձն, ամբողջությամբ վերցրել և կիրառում է փառատոնների կազմակերպման և մասնագիտական փորձառության զարգացման համար։
