Ընդլայնվել են Գավառի համայնքի հողի և ջրի փորձաքննության լաբորատորիայի հնարավորությունները
3 րոպեի ընթերցում

Ընդլայնվել են Գավառի համայնքի հողի և ջրի փորձաքննության լաբորատորիայի հնարավորությունները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, օրերս Գավառի հողի և ջրի փորձաքննության լաբորատորիա են այցելել ՀՀ ՏԿԵՆ Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության խորհրդական Աշոտ Գիլոյանը, Գերմանիայի դեսպանության Զարգացման համագործակցության բաժնի ղեկավար Կատրին Բուդեր-Փելցը, Շվեյցարիայի դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալ, Շվեյցարական զարգացման և համագործակցության գործակալության փոխտնօրեն Հարավային Կովկասում Ուրսուլա Լոյբլին և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության Խաղաղ և ներառական հասարակությունների ոլորտի համակարգող Թոմ Լանդեսը՝ տեղում ծանոթանալու լաբորատորիայի աշխատանքին և ձեռք բերված սարքավորումներին։
Գավառի համայնքապետարանը, համագործակցելով Գերմանական միջազգային համագործակցության ընկերության հետ, հողի և ջրի լաբորատորիան ստեղծել է 2024 թվականին, լաբորատորիայի հզորացումն իրականացվել է Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունների աջակցությամբ՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Տեղական զարգացման հիմնադրամ» միջծրագրային նախաձեռնության շրջանակում։
Բացի լաբորատորիայի սարքավորումներից, Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունների աջակցությամբ Գավառ համայնքին տրամադրվել են նաև գյուղատնտեսական տեխնիկա և սարքավորումներ, որոնք միտված են՝ աջակցելու համայնքներում գյուղատնտեսական աշխատանքների բարելավմանն ու արդյունավետության բարձրացմանը։
Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը և լաբորատորիայի պատասխանատու Գուրգեն Մուխսիխչոյանը ներկայացրել են լաբորատորիայի գործունեության կարևորությունը Գավառ համայնքում՝ նշելով, որ այն ծառայում է իր գլխավոր նպատակին ՝ գյուղատնտեսական աշխատանքներն ավելի արդյունավետ, նպատակային և կայուն կազմակերպելու համար։
Գրիգոր Դաշտոյանը հյուրերին ներկայացրել է նաև համայնքապետարանի ողմից լաբորատորիայի հնարավորությունների ընդլայնման հետագա ծրագրերի մասին։
Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունների ցուցաբերած աջակցության շրջանակում Գավառ համայնքի ղեկավարին փոխանցվել է նաև Շարժական գրասենյակ (Mobile Citizen Office), որը համայնքին կաջակցի՝ ծառայություններն ավելի մոտ և հասանելի դարձնելու բնակավայրերի բնակիչներին։