Մամուլի սրահ

Կառուցապատողից հնարավոր կլինի բնակարան գնել առանց նոտարի վավերացման

3 րոպեի ընթերցում

Կառուցապատողից հնարավոր կլինի բնակարան գնել առանց նոտարի վավերացման

Հայաստանում նորակառույց շենքում բնակարան գնելու հնարավորություններն ընդլայնվում են։ Շուտով հնարավոր կլինի էլեկտրոնային համակարգի միջոցով առանց նոտարական վավերացման տուն ձեռք բերել անշարժ գույքի առաջնային շուկայից։ Համապատասխան օրենքն ընդունվել էր դեռ նախորդ տարվա վերջում, այժմ արդեն կառավարության կողմից հաստատվել են պայմանագրերի օրինակելի ձևերը։ Մնում է թվային հարթակի գործիքակազմն ամբողջացվի, որից հետո ՀՀ քաղաքացիները կկարողանան այս հեշտացված տարբերակով նորակառույց շենքում բնակարան ձեռք բերել՝ գտնվելով ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս։

«Այսօր նման գործարքի համար քաղաքացին պետք է նախ նոտարի մոտ որոշակի գործընթացի միջով անցնի, ժամանակ ու ֆինանսական ծախսեր կատարի։ Մենք նաև ունենք առանց նոտարական վավերացման գործարքների տիպային ձևեր, սակայն դրա համար էլ քաղաքացին պետք է այցելի Կադաստրի կոմիտեի գրասենյակ, աշխատակցի ներկայությամբ ստորագրի պայմանագիրը։ Այժմ մենք այս ամենը տանում ենք թվային հարթակ, որտեղ քաղաքացին, խիստ նույնականացում անցնելով, կկարողանա առանց նոտարի վավերացման էլեկտրոնային եղանակով ստորագրել»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը։

Այս հնարավորությունից կարող են օգտվել այն անձինք, որոնք ՀՀ քաղաքացի են և ունեն էլեկտրոնային ստորագրություն։ Գործարքը կատարվում է https://www.e-cadastre.am հարթակի միջոցով, որտեղ քաղաքացին անցնում է խիստ նույնականացում։

«Արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացին բնակարան գնելու համար պետք է կամ անձամբ գար Հայաստան, կամ լիազորագիր թողներ որևէ մեկին, որ կարողանար այդ գործարքը կատարեր։ Հիմա այդ օղակը դուրս է գալիս ու պրոցեսը բավական դյուրացվում է։ Հայաստանից դուրս գտնվող ՀՀ քաղաքացին, որն ունի էլեկտրոնային ստորագրություն, հանգիստ կարող է բնակարան գնել էլեկտրոնային համակարգի միջոցով»,-ասաց Նանե Ղազարյանը։

Բնակարանը քաղաքացին նման տարբերակով կարող է գնել միայն անշարժ գույքի շուկայի առաջնային օղակից, այսինքն՝ անձամբ կառուցապատողից։ Ընդ որում, բնակարանը կարելի է ձեռք բերել ինչպես նոր կառուցվող շենքից, երբ շինարարությունը դեռ ընթացքի մեջ է, այնպես էլ արդեն պատրաստի շենքից։

Էլեկտրոնային համակարգով բնակարանը գնելու համար անհրաժեշտ է կառուցապատողի ու բանկի կամ վարկային կազմակերպության ներգրավվածությունը։ Նրանք նույնպես համակարգում անցնում են խիստ նույնականացում՝ հաշվի առնելով բոլոր հնարավոր ռիսկերը։   

Այս գործարքը նույն իրավական ուժն է ունենալու, ինչ նոտարական գրասենյակում վավերացրածը։ Նանե Ղազարյանն ընդգծեց, որ սա հնարավորություն է, ոչ մի պարտադիր պայման չկա։ Եթե կլինեն քաղաքացիներ, որոնք ամեն դեպքում կցանկանան գործարքը կնքել նոտարական վավերացմամբ, ապա այդ հնարավորությունը կունենան։ 

Այս նոր համակարգի գործիքակազմն ամբողջությամբ պատրաստ կլինի առաջիկա 6 ամսվա ընթացքում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում