Արենիում կհիմնվի գինու թանգարան
3 րոպեի ընթերցում

Վայոց ձորի մարզի Արենի համայնքում գինու կլաստերի ստեղծման գործընթացի շրջանակում բավական մեծ ներդրումներ են սպասվում։ Այն մի մասն է Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների բարելավման խոշոր ծրագրի, որով նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում՝ Գորիսի, Արենիի, Ջերմուկի, Եղեգիսի, Դվինի, Գյումրիի և Դիլիջանի զբոսաշրջային կլաստերների զարգացման համար։ Ծրագիրը նպատակ ունի խթանել գինու, առողջարանային, արկածային, մշակութային, կրթական և էկոզբոսաշրջության զարգացումը: Արենիի 9 բնակավայրերում նախատեսվում է ներդնել 12 մլն եվրո։
Վերջին շրջանում ակտիվ քննարկումներ են տեղի ունենում Արենիում գինու կլաստերի ստեղծման ծրագրի շուրջ։ Օրեր առաջ Արենիում էին ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանն ու Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը։ Նրանք Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի հետ քննարկել են «Արենիի գինու կլաստեր» ներդրումային ծրագրի ընթացքն ու առաջիկա նախաձեռնությունները։ Ծրագրի իրականացումը նպատակ ունի զարգացնել գինու զբոսաշրջությունը, բարելավել ենթակառուցվածքները և ամրապնդել Արենին՝ որպես Հայաստանի առաջատար գինեգործական և զբոսաշրջային ուղղություններից մեկը։
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Արենի համայնքային զարգացման» հիմնադրամի տնօրեն Սյուզան Մարգարյանը նշեց, որ «Արենիի գինու կլաստեր» ներդրումային ծրագրի շրջանակում բազմաթիվ գաղափարներ են քննարկվում համայնքի յուրաքանչյուր բնակավայրում ներդրումային աշխատանքներ իրականացնելու համար։
«Քանի որ շատ գաղափարներ դեռ քննարկման փուլում են, այդ իսկ պատճառով կբարձրաձայնեմ որոշակի հստակեցումներից հետո, բայց այսօր կարող եմ հստակ ասել, որ Արենի համայնքում ստեղծվելու է բավական մեծ գինու թանգարան, որը պետք է ամեն հարցում համապատասխանի միջազգային չափանիշներին։ Սա կարևոր ներդում է լինելու համայնքի համար, վստահ ենք, որ զբոսաշրջային մեծ հոսք է ապահովելու, իսկ մենք ներկայացնելու շատ բան ունենք, չէ՞ որ Արենին աշխարհի ամենահին գինեգործական կենտրոններից մեկն է»,-ասաց Սյուզան Մարգարյանը։
Թանգարանում ներկայացվելու է Հայաստանի, մասնավորապես, Արենիի գինեգործական պատմությունը, շեշտադրվելու է Արենի-1 քարանձավը, հնագիտական կարևոր գտածոներ և այլն։ Թանգարանային համալիրում լինելու է սոմելիե կենտրոն, ինչպես նաև վաճառքի սրահ, որտեղ ներկայացվելու է Արենի համայնքի գինեգործական արտադրանքի լավագույն տեսականին։
