Քաղաքականություն

Չինաստանն ու Հայաստանը հնագույն քաղաքակրթություններ են և մշտապես պահպանել են համագործակցության զարգացող դինամիկա․ Լի Սինվեյ

5 րոպեի ընթերցում

Չինաստանն ու Հայաստանը հնագույն քաղաքակրթություններ են և մշտապես պահպանել են համագործակցության զարգացող դինամիկա․ Լի Սինվեյ

ՀՀ-ում Չինաստանի դեսպանատանը հանդիսավոր պայմաններում կայացավ Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի կազմավորման 98-ամյակի տոնակատարությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյն իր ելույթում նշեց, որ Չինաստանի բանակն իր 98-ամյա գոյության ընթացքում անցել է երկար ճանապարհ՝ ոչնչից վերածվելով հզոր բանակի՝ հասնելով բացառիկ հաջողությունների՝ չին ազգի անկախության և վերածննդի համար մղվող պայքարում, զգալի ներդրում ունենալով միջազգային համագործակցության և խաղաղության պահպանման գործում: Հետևաբար, ժողովրդա-ազատագրական բանակը արժանի կերպով կարող է համարվել խաղաղության, արդարության և քաղաքակրթության բանակ։

«Այժմ, երբ աշխարհում տեղի են ունենում վերջին դարաշրջանում չկրկնվող աննախադեպ փոփոխություններ, մարդկությունը կանգնած է նոր անկայունության ու վերափոխումների դարաշրջանի շեմին և կրկին հայտնվել է պատմական խաչմերուկում։ Միջազգային բարդ և լարված իրավիճակում Չինաստանը հետևողականորեն իրականացնում է անկախ և խաղաղասիրական արտաքին քաղաքականություն, ինչպես նաև ազգային անվտանգության ռազմավարություն՝ հաստատակամորեն պաշտպանելով համաշխարհային խաղաղությունն ու կայունությունը։ Միևնույն ժամանակ, Չինաստանը վճռականորեն պաշտպանում է իր ազգային շահերն ու միջազգային արդարությունը»,- ասաց Լի Սինվեյը։

Դեսպանի տեղեկացմամբ՝ վերջերս Չինաստանը ստեղծել է Միջազգային միջնորդական կազմակերպություն, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Հոնկոնգում։ Այդ կառույցը կտրամադրի ավելի ճկուն, արդյունավետ և չեզոք հարթակ երկրների միջև վեճերի կարգավորման համար՝ ներդնելով չինական իմաստնությունը միջազգային հակամարտությունների խաղաղ կարգավորման գործում և նպաստելով ավելի ներդաշնակ միջազգային կարգի ձևավորմանը։

«Նախագահ Սի Ծինփինի կողմից առաջ քաշված Մարդկության համար ընդհանուր ճակատագիր ունեցող համայնքի կառուցման նախաձեռնությունը ուղղված է ավելի լավ աշխարհի կառուցման նպատակին՝ ի նպաստ ողջ մարդկության ընդհանուր շահերի։ Չինաստանը հանդես է գալիս իրավահավասար և կանոնակարգված բազմաբևեռ աշխարհի, ինչպես նաև համընդհանուր հասանելի և ներառական տնտեսական գլոբալացման օգտին, նպաստում է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ բարձրորակ կառուցմանը, իրականացնում է գլոբալ զարգացման, գլոբալ անվտանգության և գլոբալ քաղաքակրթության նախաձեռնությունները։ Այս ամենը նպաստում է  զարգացող երկրների օրինական իրավունքների ու շահերի պաշտպանության գործին, որին աջակցություն և մասնակցություն են ցուցաբերել բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ Հայաստանը»,- նշեց դիվանագետը։

Լի Սինվեյի բնորոշմամբ՝ Չինաստանն ու Հայաստանը հնագույն քաղաքակրթություններ են, երկու երկրների ժողովուրդներն էլ անկեղծորեն ձգտում են խաղաղության, և դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր, 33 տարիների ընթացքում, երկու երկրները մշտապես պահպանել են երկկողմ համագործակցության կայուն զարգացող դինամիկա։ Հայաստանն ու Չինաստանը հարգում են միմյանց ինքնիշխանությունը, անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը, փոխադարձ աջակցություն են ցուցաբերում միմյանց՝ հիմնական շահերին առնչվող հարցերում։

Վերջին տարիներին նկատելիորեն ակտիվացել են բարձր մակարդակի շփումները և բոլոր մակարդակների երկխոսությունները։ ՉԺՀ Նախագահ Սի Ծինփինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարեկամական զրույց են ունեցել ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի և Մայիսի 9-ին նվիրված տոնական միջոցառման շրջանակներում։ Վերջերս ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով գտնվել է Չինաստանում և բանակցություններ վարել Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ, որոնց ընթացքում կողմերը մանրամասն քննարկել են երկկողմ և բազմակողմ համագործակցությանը վերաբերվող հարցեր։

Հայկական կողմը դիմել է Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցելու համար։ Դեսպանը վստահեցրեց, որ Չինաստանը, որպես ՇՀԿ-ի այս տարվա նախագահող երկիր, ակտիվ կերպով կաջակցի այդ գործընթացի առաջմղմանը։

«Չինական կողմը պատրաստ է հայ գործընկերների հետ միասին շարունակել բարեկամական ավանդույթները, ամրապնդել փոխադարձ վստահությունը, խորացնել գործնական համագործակցությունը, նպաստել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև աջակցել մեր երկրների բարգավաճմանը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանը»,- եզրափակեց ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպանը։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում