ՀԷՑ-ում չեղարկվել են ընդհանուր ավելի քան 3 մլրդ ՀՀ դրամ նախահաշվային արժեքով գնման չորս գործընթացներ
3 րոպեի ընթերցում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարչի նախաձեռնությամբ ընկերությունում չեղարկվել են մի շարք գնման գործընթացներ՝ ընդհանուր ավելի քան 3 մլրդ ՀՀ դրամ նախահաշվային արժեքով: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից:
«Հիմք ընդունելով Էներգետիկայի մասին ՀՀ օրենքի 52.1 հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետը, ինչպես նաև նշյալ հոդվածի 3-րդ կետը, որով սահմանվում է, որ Ժամանակավոր կառավարչի նշանակմամբ և նրա գործունեության ամբողջ ընթացքում նրան են անցնում լիցենզավորված անձի գործադիր մարմնի բոլոր լիազորությունները, Ժամանակավոր կառավարչի նախաձեռնությամբ Ընկերությունում չեղարկվել են «ՀԷՑ» ՓԲԸ-ի կարիքների համար մինչ այս նախաձեռնված չորս գնումների գործընթացներ:
Ժամանակավոր կառավարչի կողմից գնումների այդ գործընթացների կասեցումը պայմանավորված է Ընկերությունում այդ գործընթացներին առնչվող ընթացակարգերում վեր հանված մի շարք համակարգային խնդիրներով (խտրական տեխ. բնութագրեր, ոչ ներառական և անթափանցիկ գործընթացներ, նախնական գնանշման ոչ օբյեկտիվ մոտեցումներ և այլն):
Տվյալ գնումների գործընթացների միջոցով նախատեսվում էր ձեռք բերել Ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսված մի շարք աշխատանքների համար անհրաժեշտ էլեկտրատեխնիկական սարքավորումներ, հաշվիչներ, մալուխ, ինչպես նաև մի քանի լոտերով՝ առանձին ծառայություններ:
Ընթացիկ փուլում Ժամանակավոր կառավարչի հանձնարարությամբ իրականցվում են «ՀԷՑ» ՓԲ Ընկերության կարիքների համար անհրաժեշտ սարքավորումների և նյութերի ձեռքբերման նպատակով գնումների գործընթացների լավարկման աշխատանքներ, ինչպես նաև կազմակերպվում և մշակվում են դրանց իրականացման թափանցիկությունը, օբյեկտիվությունն ու ներառականությունը ապահովող գործիքակազմերը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ համակարգային մոտեցմամբ լավարկվում են գնումների ընթացակարգերը, որոնց ներդրումից հետո միայն ընկերությունում կմեկնարկեն գնումների գործընթացները՝ ծառայությունների ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրությամբ սահմանված նորմերին և գործող իրավական ակտերի պահանջներին խիստ համապատասխան:
Գնումների գործընթացների՝ այս փուլում չեղարկումը և առաջիկայում դրանց նորովի մեկնարկումը ընկերությունում զուգորդվում է տեխնիկական և էներգետիկ ուղղություններով հրատապ կարիքների և միջնաժամկետ կտրվածքով պլանավորված անհետաձգելի աշխատանքների հետ համապարփակ համադրմամբ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն հայտնում է, որ ընկերության կարիքների համար նախատեսվող գնումների գործընթացները կմեկնարկեն ըստ պլանավորված ժամանակացույցի՝ սկսած օգոստոսի առաջին տասնօրյակից: