Մշակույթ

Դեսպան Մկրտչյանն աննախադեպ առաջընթաց է համարում վեց փաստաթղթի ստորագրումը Հայաստանի և Հունաստանի միջև

3 րոպեի ընթերցում

Դեսպան Մկրտչյանն աննախադեպ առաջընթաց է համարում վեց փաստաթղթի ստորագրումը Հայաստանի և Հունաստանի միջև

Հունաստանում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանն աննախադեպ առաջընթաց է համարել անցնող օրերին մշակութային և գիտակրթական ոլորտների ընդհանուր առմամբ վեց փաստաթղթի ստորագրումը Հայաստանի և Հունաստանի միջև: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպանն այս մասին ընդգծել է «Ֆեյսբուք»-ի իր կատարած գրառմամբ:

Տիգրան Մկրտչյանը նախ փաստել է. «Հուլիսի 21-23-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի՝ Հունաստանի մշակույթի նախարար Լինա Մենդոնիի հրավերով, Աթենք կատարած պաշտոնական այցի շրջանակներում ստորագրվել են հետևյալ հինգ փաստաթղթերը։

1. Համաձայնագիր Հունաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև մշակութային արժեքների հափշտակումը, անօրինական պեղումները և ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը կանխելու և դրանք իրենց ծագման երկիր ռեստիտուցիայի մասին։

2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հունաստանի Հանրապետության մշակույթի նախարարության մշակույթի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր։

3. Համագործակցության հուշագիր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ պետական ոչ առևտրային կազմակերպության և Սալոնիկի համերգային դահլիճի միջև։

4. Համագործակցության հուշագիր Ստեղծարար Հունաստան՝ Հունաստանի կինոյի և աուդիովիզուալ կենտրոնի և Հայաստանի կինոյի հիմնադրամի միջև։

5. Ծրագիր Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հունաստանի Հանրապետության կրթության, կրոնական գործերի և սպորտի նախարարության միջև կրթության և գիտության բնագավառներում 2025-2029 թվականների համար։

Միաժամանակ հուլիսի 10-ին հեռավար ձևաչափով ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի և Հունաստանի Հասարակական և քաղաքական գիտությունների Պանդեոնի համալսարանի միջև»։

Հունաստանում Հայաստանի դեսպանը հավելել է. «Այսպիսով, անցնող օրերին մշակութային և գիտակրթական ոլորտների ընդհանուր առմամբ վեց փաստաթուղթ է ստորագրվել Հայաստանի և Հունաստանի միջև, ինչն աննախադեպ առաջընթաց է մշակութապես հարուստ մեր երկու բարեկամ երկրների հարաբերություններում։ Այս անհերքելի հաջողությանը հասնելու ճանապարհին չարչարվել են տասնյակ մարդիկ երկու երկրների տարբեր գերատեսչություններից, որոնցից յուրաքանչյուրն արժանի է երախտիքի խոսքերի»։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում