Լեբեդևը ժամանակավոր դրվագ է անվանել Բաքվի պատվիրակության բացակայությունն ԱՊՀ Տնտեսական խորհրդի նիստից
2 րոպեի ընթերցում
ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հույս է հայտնել, որ Ադրբեջանի ներկայացուցիչների բացակայությունը ԱՊՀ Տնտեսական խորհրդի նիստից, որը տեղի է ունենում հուլիսի 18-ին Մոսկվայում, ժամանակավոր դրվագ է, և իրավիճակը շուտով կմտնի նախկին հուն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին պաշտոնյան ասել է ՏԱՍՍ-ին:
«Ադրբեջանի Հանրապետությունից ԱՊՀ-ի առումով մենք ոչ մի բացասական հայտարարություն չենք ստացել: Այսօր, իրոք, ազնվորեն խոսովանում եմ՝ ադրբեջանական պատվիրակությունը չի եկել, բայց նրա չժամանելու պատճառները մենք չգիտենք: Նրանք մեզ չեն հայտնել, բայց ես մեծ հույս ունեմ, որ իրավիճակը կվերադառնա իր նախկին հուն, և Ադրբեջանը եղել է ու կմնա ինտեգրացիոն համագործակցության ակտիվ մասնակից: Համենայն դեպս, մեզ այս մասին վստահեցրել են Ադրբեջանի թե՛ նախագահը և թե՛ վարչապետը: Մենք կարծում ենք, որ դա մի ժամանակավոր դրվագ է, և ժամանակի ընթացքում ամեն ինչ կկարգավորվի: Դա մեր անկեղծ հույսն է», - ասել է Լեբեդևը:
Հուլիսի 18-ի առավոտյան ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցներում հայտնվել է տեղեկատվություն, որ Ադրբեջանի պատվիրակությունը չի մասնակցում ԱՊՀ Տնտեսական խորհրդի հանդիպմանը, որը տեղի է ունենում Մոսկվայում: Ադրբեջանի նախարարների կաբինետի մամուլի ծառայությունում հայտարարել են, որ նման տեղեկատվություն չունեն: Նիստի մասնակիցների ցուցակներում ևս Ադրբեջանի ներկայացուցիչներ ընդգրկված չեն եղել: