Իսրայելի պաշտպանության նախարարը Դամասկոսին սպառնացել է «ցավոտ հարվածներով»
2 րոպեի ընթերցում

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Դամասկոսին ուղղված նախազգուշացումներն ավարտվել են, և այժմ Սիրիային ցավոտ հարվածներ են սպասվում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է X-ի միկրոբլոգում։
«Նախազգուշացումներն ավարտվել են. այժմ ցավոտ հարվածներ են սպասվում։ Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի եռանդուն գործել աս-Սուեյդայում՝ դրուզների վրա հարձակված ուժերին ոչնչացնելու և նրանց լիակատար նահանջին հասնելու համար», - գրել է նա։
Կացը, դիմելով Իսրայելում ապրող դրուզներին, նշել է, որ ինքը և վարչապետ Բենիամին Նեթանյահուն պարտավորություն են ստանձնել՝ «պաշտպանելու նրանց դրուզ եղբայրներին Սիրիայում», և կպահեն այդ խոստումը։
Նախորդ հայտարարություններում Կացը կոչ էր արել սիրիական կառավարությանը դուրս բերել իր ուժերն աս-Սուեյդայից։ Նա նաև նշել էր, որ Սիրիայում հարվածների տեմպը կաճի, եթե Դամասկոսը չհասկանա ուղերձը՝ հավելելով, որ հարավային Սիրիան կլինի ապառազմականացված գոտի։
SANA գործակալության տեղեկացմամբ՝ Սիրիայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Դամասկոսի կենտրոնին Իսրայելի ավիահարվածներից, նախնական տվյալներով, կա 9 վիրավոր։
Al Jazeera-ի տեղեկացմամբ՝ իսրայելական բանակը վերջին օրերին հարձակվել է սիրիական իշխանությունների 160 թիրախի վրա, որոնց մեծ մասը գտնվում է աս-Սուեյդայի շրջանում։