Կինոն իմ ԴՆԹ-ի անքակտելի մասն է. իրանական նոր կինոյի առաջամարտիկներից Ամիր Նադերին ուրախ է հյուրընկալվել «Ոսկե ծիրան»-ին

6 րոպեի ընթերցում

Ոսկե Ծիրանի շրջանակում տեղի ունեցավ հանդիպում կինոռեժիսոր Ամիր Նադերիի հետ

Հետհեղափոխական իրանական կինոյի առաջամարտիկ, «Երկրորդ ալիքի» ներկայացուցիչ Ամիր Նադերին 22-րդ «Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուրն է և Տարածաշրջանային մրցույթի ժյուրիի նախագահը։ Կինոռեժիսորը, որի ֆիլմերից ոգեշնչվել են ինչպես իրանցի (Փանահի, Ղոբադի), այնպես էլ ամերիկացի (Շոն Բեյքեր, Քելի Ռայքհարդ) կինոգործիչներ, ֆիլմերով վավերագրում է այն, ինչն իրեն հուզում է, անդրադառնում թեմաների, որոնք ազդեցիկ են։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 15-ին Նադերին հանդիպեց կինոոլորտի ներկայացուցիչներին, երկրպագուներին և խոստովանեց՝ պաշտում է «Ոսկե ծիրան»-ը, որովհետև այն ֆիլմարտադրողների հրաշալի հարթակ է։ Նա շատ շնորհակալ է, որ փառատոնը գնահատել է իր աշխատանքն ու հրավիրել Հայաստան։

Ամիր Նադերին մեծացել է առանց հոր, մորը կորցրել է հինգ տարեկանում։ Վեց տարեկանից աշխատել է կինոթատրոնում։ Հանդիսատեսի՝ դահլիճը լքելուց հետո մաքրել է նստարաններն ու կարգի բերել կինոսրահը։ 

«Բավականին ուշ գնացի դպրոց. ինը տարեկան էի։ Հասկացա, որ պետք է  գրել, կարդալ, գեղեցիկ խոսել սովորել և շարունակում եմ կրթվել մինչ օրս, իսկ կինոն իմ ԴՆԹ-ի անքակտելի մասն է»,-շեշտեց նա։

Որպես ֆիլմարտադրող՝ առաջին բանը, որն անում է, նկարահանման համար ճիշտ տարածք է գտնում։ «Փորձում եմ պատմությանը համահունչ տարածք գտնել, հետո՝ դերասաններին։ Կոլաժն եմ հավաքում, բայց ամեն բան սկսվում է տարածքից։ Իրանում վերջին չորս ֆիլմիս ստեղծման ընթացքում առաստաղ երբեք չի եղել, ամեն բան նկարահանվել է բաց երկնքի տակ, բայց, երբ մեկնեցի Նյու Յորք, որը բոլորովին այլ պատմություն է, այլ բան ծնվեց։ Այնտեղ փակ տարածքներից վախ չկա։ Հետո մեկնեցի Ճապոնիա։ Կախված տվյալ ժամանակաշրջանից, իմ զգացողություններից՝ ընտրում եմ ֆիլմերի թեմաներն ու այն վայրերը, երկրները, քաղաքները, որտեղ նկարահանելու եմ ֆիլմը։ Չեմ ասում՝ սա եմ անելու, հետո՝ սա։ Իմ զգացմունքներն են ինձ առաջնորդում»,-անկեղծացավ Նադերին։

Նա իրեն հաջողակ է համարում, քանի որ ինքնակրթվել է՝ լավ ֆիլմեր դիտելով։ Կինոթատրոնում նաև աշխատել է որպես ռեժիսորի օգնական։ Եթե ուշադրություն դարձնենք Նադերիի ֆիլմերի տիտրերին, կնկատենք, որ ոչ միայն ռեժիսորն է, այլև խմբագիրը, հնչյունային ռեժիսորը և այլն։

«Լեզվի մարդ չեմ, ֆիլմերումս շատ չեմ դիմում երկխոսությունների, զգացմունքի մարդ եմ։ Կինոյի մասին ինձ շատ բան է սովորեցրել ֆրանսիացի Անրի Կարտիե Բրեսոնը։ Սովորեցրել է, թե ինչպես է հնարավոր անձնական պատմությունը տարբեր տեսանկյուններից ներկայացնել, ինչպես մատուցել այն հանրությանը։ Ինչպես արդեն ասացի, աշխատելիս շատ ֆիլմեր էի դիտում։ Այն, ինչ նայում էի, տպավորում էր, բայց մտքումս իմ սեփական պատկերներն էի փորձում ստանալ։ Իմ ամբողջ կյանքում այդպես եմ ապրել։ Չեմ կարող ասել, որ այս կամ այն ֆիլմում Բրեսոնի միտքն եմ վերցրել, բայց ազդեցությունը կրել եմ, տեսել եմ պատկերներ, որոնք պրոյեկտել եմ իմ զգացմունքների հետ»,-ընդգծեց Նադերին։

Նա մշտապես ձգտում է առաջընթացի, ցանկանում է աճել, առավել զարգանալ ու զարմացնել՝ մնալով անկեղծ։ Իր ֆիլմերով փորձում է անհնարինը հնարավոր դարձնել։ Այդպիսին են նաև նրա հերոսները։ 

Անդրադառնալով Իրանից հեռանալուն՝ ռեժիսորը շեշտեց՝ քաղաքականացված մարդ չէ, ռեժիսոր է։ «Չեմ խոսում քաղաքականության մասին, ես կինոարտադրող եմ։ Ֆիլմեր եմ ստեղծում իմ փորձառության, իմ բացահայտումների շուրջ ու փորձում եմ վավերագրել այն, ինչ զգում եմ և այն կյանքը, որն իմ շուրջ է, անդրադառնում եմ թեմաների, որոնց հավատում եմ։ Իրանում իմ քաղաքից՝ Աբադանից հեռացա, քանի որ ցանկանում էի աշխարհայացքս ընդլայնել։ Գնացի Թեհրան։ Ուսումնասիրում էի մարդկանց, անցուդարձը և այնտեղ փորձեցի ֆիլմեր ստեղծել։ Հետո հասկացա, որ պետք է փոխել տարածքը։ Այդ շրջանում հանդիպեցի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Աբաս Քիարոստամիին։ Նրանից սովորեցին մի նոր ժանր։ Եկա այն եզրակացության, որ երբեք չեմ նկարահանի որևէ ֆիլմ, մինչև չհավատամ դրան, մինչև դա հիմնված չլինի իմ կյանքի փորձառության վրա։ Ուրախ եմ, որ եկա այդ որոշման, քանի որ իմ եսը, իմ գույնը պետք է օգտագործեի կինոնկարներում։ Ես ազատության կարիք ունեի, և դրա շնորհիվ էլ իմ կարիերան ծաղկում ապրեց»,-եզրափակեց Ամիր Նադերին։

Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնն անցկացվում է հուլիսի 13-20-ը։ Այն իր շուրջ է համախմբել կինոյի ոլորտի կարկառուն ներկայացուցիչների աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև հարյուրից ավելի ֆիլմեր, որոնցից շատերը մրցանակների են արժանացել Կաննի, Բեռլինի, Լոկառնոյի և այլ հեղինակավոր կինոփառատոններում։

Պատվավոր հյուրերից են նաև Մարկո Մյուլերը, Աբդեռահման Սիսակոն, Ջաֆար Փանահին, Ադա Սոլոմոնն ու Աթինա Ռախիլ Ցանգարին և այլ կինոգործիչներ։ Նրանք քննարկումների, վարպետության դասերի, աշխատարանների միջոցով իրենց փորձն ու արվեստն են ներկայացնում կինոյի երկրպագուներին ու մասնագիտական համայնքին։ 

Փառատոնային ֆիլմերի ցուցադրությունների հիմնական վայրերն են Կինոյի տունն ու «Մոսկվա» կինոթատրոնը։

Հայերեն فارسی Русский

Այս տարվա հունվար–մայիս ամիսներին Հայաստան զբոսաշրջային այցելությունների ռեկորդային արդյունք է գրանցվել․ ԷՆ

Կառավարությունն ավելի քան 7 մլրդ դրամ կուղղի տարբեր ճանապարհահատվածների հիմնանորոգմանն ու կառուցմանը

Ռուսաստանը Հայաստանի արտադրանքի նկատմամբ սահմանափակումներ չի մտցրել․ Օվերչուկ

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Իրանի հարցում Թրամփի լիազորությունների սահմանափակման մասին

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին

Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո