Տերյանական շունչը՝ բանաստեղծի տանը. Գանձա գյուղում բացվեց Վահան Տերյանի վերականգնված տուն-թանգարանը

5 րոպեի ընթերցում

©ARMENPRESS // Գայանե Գաբոյան

Մեծանուն հայ բանաստեղծ Վահան Տերյանի 140-ամյակին նվիրված մշակութային միջոցառումների  շրջանակում բացվեց բանաստեղծի վերականգնված տուն-թանգարանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թանգարանի բացմանն ու տոնակատարություններին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեն, պետական, հասարակական և մշակութային ոլորտների ներկայացուցիչներ, ինչպես նաև բարերարներ՝ Հայաստանից, Վրաստանից և հայկական սփյուռքից: 

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրասյանը նշեց՝ տարին տերյանական է ու շատ կարևոր է, քանի որ նշվում է Վահան Տերյանի 140-ամյակը: «Շուրջ մեկ ամիս առաջ Հայաստանում անցկացվում էին Վրաստանի մշակույթի օրերը, և մենք հյուրընկալել էինք Վրաստանի մշակույթի նախարարին և պայմանավորվեցինք, որ միասին ներկա կլինենք Տերյանի տուն թանգարանի վերաբացմանը, և ուրախ եմ, որ այսօր արդեն իսկ մեր պայմանավորվածությունը տեղի ունեցավ, որը հրաշալի վկայություն է մեր երկրների միջև մշակույթի ոլորտում արդյունավետ համագործակցության։ Աստեղ շատ մեծ աշխատանք է արված, և Տերյանի արվեստի բոլոր սիրահարները կունենան հնարավորություն նորովի բացահայտել այն միջավայրը, որում բնակվել է Տերյանը: Ուրախ ենք, որ մեր նախարարությունը ևս դրամաշնորհներ է տվել, որպեսզի հնարավոր լինի ցուցադրությունն արդիականացնել, և տեսնում եք, որ նոր տեխնոլոգիաների կիրառությամբ՝ բազմաթիվ հետաքրքիր ինտերակտիվ միջավայրեր են ձևավորվել, որոնք հնարավորություն են տալիս դիտել բանաստեղծի կյանքից որոշ դրվագներ ու առավել կապվել Տերյանի հետ»,- նշեց նախարարը: Ժաննա Անդրեասյանը վստահ է, որ և՛ Հայաստանի, և՛ Վրաստանի քաղաքացիները, զբոսաշրջիկները Գանձա գյուղ գալու բազմաթիվ առիթներ կունենան, քանի որ այս միջավայրը ոչ ոքի անտարբեր չի թողնի: 

Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեն էլ կարևորեց երկու երկրերի մեջ ձևավորված համագործակցությունը՝ նշելով, որ մշակույթը չունի տարաձայնություններ: 

«Մշակույթը բխում է բոլորի սրտից և կարող է ոգեշնչել բոլորին՝ անկախ ազգությունից, սրտից և լեզվից: Այսօր ուրախ եմ այստեղ գտնվելու համար և ուզում եմ նշել, որ սա ևս մեկ անգամ փաստում է այն, որ այս երկու ազգի ներկայացուցիչները կարող են ստեղծել լավագույնը, կարող են ինչպես մշակութային, այնպես էլ այլ ոլորտներում միավորվել և ստեղծել նմանատիպ հիասքանչ կոթողներ»,- նշեց Թինաթին Ռուխաձեն: 

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի տնօրեն Սամվել Մկոյանն էլ ընդգծեց՝ հիմնադրամի հիմնական առաքելություններից է Ջավախքի հասարական բոլոր ոլորտների զարգացումն ու հայ-վրացական հարաբերությունների ամրապնդումը։ 

«Կրթամշակութային ծրագրը մեր առանցքային ուղղություններից է, և մենք թանգարանաշինության, մշակութային օջախների վերականգնման մեծ փորձ ունենք: 2019 թվականին, տեսնելով Տերյանի տան վատ վիճակը, որոշեցինք, որ այս ծրագիրը լինելու է հիմնադրամի կարևոր ծրագրերից մեկը, և սկսեցինք փուլ առ փուլ իրականացնել։ Միայն պատերն են մնացել, մնացած ամեն ինչը փոփոխվել է՝ կլինի փայտ, տանիք, նույնիսկ հատակի քարերը, որ շարված են, հատուկ այն ժամանակվա քարերից են։ Այսինքն՝ մենք փորձել ենք ամեն ինչը ճշգրտությամբ վերականգնել և ներկայացնել հանրությանը»,- նշեց Մկոյանը: 

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանն էլ ընդգծեց՝ ընդունված է ասել, որ մշակույթը սահմաններ չի ճանաչում։ Նրա խոսքով՝ դա այդպես է հատկապես  հայ և վրացի ժողովուրդների դեպքում, որոնք  դարավոր բարեկամներ են: 

«Կարծում եմ, որ այսօրինակ միջոցառումները պետք է ավելի հաճախ լինեն։ Եվ այսօր մեզ հաջողվեց Վահան Տերյանի 140-ամյակն այսչափ շքեղ և մարդաշատ պայմաններում տոնել նրա հայրենի գյուղում։ Կարծում եմ տերյանական շունչը այսօր ևս մեկ անգամ սփռված էր Գանձայով մեկ։ Մենք պարտավոր ենք նրա թողած հարուստ ստեղծագործական ժառանգությունը սերնդեսերունդ փոխանցել, իսկ փոխանցելու ճանապարհներից մեկն էլ սա է, այն, ինչն այսօր իրականացվեց»,- ասաց դեսպանը: 

Սմբատյանը հատուկ շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց, որոնք աջակցել են նախագծի կայացմանը՝ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամին, Հայաստանի ԿԳՄՍ նախարարությանը, Վրաստանի իշխանություններին և մշակույթի նախարարին: 

Վահան Տերյանի տուն-թանգարանը վերականգնել է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (ՋԱՀ) ՝ բարերարների աջակցությամբ։ Տոնակատարությունները կազակերպել են են ՋԱՀ-ը և Նինոծմինդայի մունիցիպալիտետը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Վրաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ։

Հայերեն

Երևանում մեկնարկել են մի շարք մանկապարտեզների նոր շենքերի կառուցման աշխատանքները

Ավինյանը հանձնարարել է մինչև աշուն Երևանում իրականացնել ավտոբուսային երկու հիմնական ուղեգծերի կահավորումը

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է «Հայաստան» դաշինքի կողմից ընտրակաշառք տալու դեպքեր

Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի սահմանի մոտ վերջին սահմանափակումների վերացման մասին

«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր

Երևանի քաղաքապետը կարևորել է նախանշված ժամկետներում Կիևյան կամրջի վերանորոգումն ավարտելը

ՀՀ ՏԿԵ փոխնախարարը հանդիպել է ընդերքօգտագործող ընկերությունների ներկայացուցիչների հետ

Ավինյանը հանձնարարեց հավաքել առանց արտոնագիր գործող ինքնասպասարկման տերմինալները

Հաքան Ֆիդանը դժվարություններ է կանխատեսել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում

Իրանի դեմ ռազմական գործողությունը ԱՄՆ-ի համար արժեցել է 40 միլիարդ դոլար