Թրամփը հիասթափված է ՌԴ-ից և առաջիկա օրերին «կարևոր հայտարարություն» կանի

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը զենքեր է ուղարկում Ուկրաինային ՆԱՏՕ-ի միջոցով։ Նա նաև նշել է, որ հիասթափված է Մոսկվայից և Ռուսաստանի հարցով հուլիսի 14-ին շատ «կարևոր հայտարարություն» կանի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է NBC News-ին տված հարցազրույցում։

«Մենք զենքեր ենք ուղարկում ՆԱՏՕ-ին, և ՆԱՏՕ-ն վճարում է այդ զենքերի համար 100%-ով։ Մենք Patriot-ներ կուղարկենք ՆԱՏՕ-ին, իսկ հետո ՆԱՏՕ-ն կբաշխի դրանք», - Թրամփի խոսքերն է մեջբերում NBC News-ի լրագրողը։

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ ԱՄՆ-ն դադարեցրել է որոշ տեսակի զենքերի մատակարարումները Կիևին՝ սեփական պաշարների սղության պատճառով։ Սակայն հուլիսի 8-ին Թրամփը հայտարարեց, որ Վաշինգտոնը պաշտպանական սպառազինություն կուղարկի Ուկրաինային՝ Ռուսաստանի առաջխաղացման ֆոնին։ Թրամփը վերջին օրերին բազմիցս հայտարարել է, որ գոհ չէ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից։

ԱՄՆ նախագահը նաև ուսումնասիրում է ամերիկացի մի քանի սենատորների առաջարկած օրինագիծը, որով կթիրախավորվի ՌԴ բանկային համակարգը, ինչպես նաև պատժամիջոցներ և մաքսատուրքեր կսահմանվեն այն պետությունների նկատմամբ, որոնք աջակցում են Ռուսաստանի պատերազմին Ուկրաինայում։

«Ես հիասթափված եմ Ռուսաստանից, - ևս մեկ անգամ ասել է Թրամփը NBC News-ին։ - Կարծում եմ՝ երկուշաբթի օրը ես կարևոր հայտարարություն կանեմ Ռուսաստանի հարցով»։

Ավելի վաղ ռուս-ուկրաինական հակամարտության հարցը քննարկել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Ռուբիոն ևս մեկ անգամ նշել է, որ Թրամփը շատ հիասթափված է, որ ռուսական կողմը ճկունություն չի ցուցաբերում Ուկրաինայի հետ հակամարտությանը վերջ դնելու համար։

Միացյալ Նահանգներ

Ռուբիոն Լավրովին փոխանցել է Վաշինգտոնի հիասթափությունը հակամարտության լուծման առաջընթացի բացակայության առնչությամբ

Հայերեն English Русский