Միացյալ Նահանգներ

Ռուբիոն Լավրովին փոխանցել է Վաշինգտոնի հիասթափությունը հակամարտության լուծման առաջընթացի բացակայության առնչությամբ

2 րոպեի ընթերցում

Ռուբիոն Լավրովին փոխանցել է Վաշինգտոնի հիասթափությունը հակամարտության լուծման առաջընթացի բացակայության առնչությամբ

Մալայզիայում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի քննարկման հիմնական թեման եղել է ռուս-ուկրաինական հակամարտությունը: Ամերիկյան կողմը հիասթափություն է հայտնել հակամարտության լուծման գործում առաջընթացի բացակայության վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

«Մենք շփում կունենանք նման ցանկացած հնարավորության դեպքում, ինչպես արեցինք այսօր: Ես կրկնել եմ այն, ինչ նախագահն է ասել՝ դժգոհություն և հիասթափություն առաջընթացի բացակայության պատճառով», - նշել է Ռուբիոն:

Նա հավելել է, որ Լավրովի հետ փոխանակել են որոշ գաղափարներ, որոնք նա կքննարկի Վաշինգտոնում:

«Դա անկեղծ, կարևոր զրույց էր: Մենք քննարկել ենք նաև այլ հարցեր, որոնք կապված չեն Ուկրաինայում պատերազմի հետ, բայց դա, ակնհայտորեն, մեր քննարկած գլխավոր թեման էր», - նշել է Ռուբիոն:

Նա ևս մեկ անգամ կրկնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շատ հիասթափված է, որ ռուսական կողմը ճկունություն չի ցուցաբերում հակամարտությանը վերջ դնելու համար: Ռուբիոն հիշեցրել է Թրամփի խոսքերն այն մասին, որ Վաշինգտոնը բավական ժամանակ և եռանդ է տրամադրել ռուս-ուկրաինական հակամարտության լուծմանը, սակայն բավարար առաջընթաց չի գրանցվել:

«Մենք պետք է տեսնենք ճանապարհային քարտեզ, թե ինչպես է այս հակամարտությունն ավարտին հասցվելու», - նշել է Ռուբիոն՝ հավելելով, որ այդ հարցի շուրջ որոշ գաղափարներ են փոխանակվել ռուսական կողմի հետ:

ԱՄՆ պետքարտուղարը նաև չի բացառել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը. այդ հարցը համակարգվում է Կոնգրեսի հետ:

Մարկո Ռուբիոյի և Սերգեյ Լավրովի հանդիպումը կայացել է Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) արտգործնախարարների գագաթնաժողովի շրջանակում: Բանակցությունները տևել են 50 րոպե:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում