Մակրոնը մեկնաբանել է Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցը
2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ Մոսկվայի հետ քննարկումներում առաջընթաց չկա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ BFMTV հեռուստաալիքի եթերում այսպես է նա մեկնաբանել իր ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ վերջերս տեղի ունեցած հեռախոսազրույցը։
«Փարիզի և Մոսկվայի միջև դեռևս կան տարաձայնություններ Ուկրաինայի հարցում։ Չեմ կարող ասել, որ քննարկումներում որևէ առաջընթաց է գրանցվել, քանի որ նախ անհրաժեշտ է հասնել համաձայնության հրադադարի և բանակցությունների վերսկսման վերաբերյալ», - ասել է Մակրոնը։
Նրա խոսքով՝ «հրադադարը պետք է ապահովի ուղի դեպի խաղաղություն»։
Մակրոնը կարևոր է համարել Պուտինի հետ Իրանի հարցի շուրջ կապի պահպանումը։
«Ես զանգահարեցի նրան նախ և առաջ իրանական հարցը և Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը պահպանելու անհրաժեշտությունը քննարկելու համար։ Նա իր պատրաստակամությունը հայտնեց աջակցելու։ Շատ կարևոր էր ստանալ այս համաձայնությունը, քանի որ Ֆրանսիան նույնպես պատասխանատու է կայունության ապահովման համար», - նշել է Մակրոնը։
Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները հուլիսի 1-ին գրեթե երեք տարվա ընթացքում առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել։ Թե՛ Կրեմլը և թե՛ Ելիսեյան պալատը զրույցը որակել են բովանդակալից։ Երկու երկրների ղեկավարները մշտական կապի մեջ են եղել մինչև 2022 թվականի սեպտեմբերը, սակայն հեռախոսազրույցների շարքն ընդհատվել է Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողություններից հետո։