«Գիտելիքի կամուրջ» խորագրի ներքո մեկնարկել է սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
3 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իրականացնում է սփյուռքում գործող հայկական ուսումնական հաստատություններում դասավանդող ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը, որին այս տարի մասնակցում է 62 ուսուցիչ 10 երկրից:
Ծրագրի մեկնարկի միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Վերապատրաստման դասընթացներն այս տարի իրականացվում են Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոցում «Գիտելիքի կամուրջ» խորագրի ներքո:
«Սա ոչ միայն ուսուցանման, դասավանդման, մեթոդական շատ կարևոր աշխատանք է, այլև մարդկային կապերի, հարաբերությունների ձևավորման և միասնական հարթակներ ստեղծելու հնարավորություն: Ընտրված խորագիրը՝ «Գիտելիքի կամուրջ», պատահական չէ. մի կողմից մենք միմյանց փոխանցում ենք գիտելիքն ու փորձառությունը, մանկավարժական հմտություններն ու մեթոդաբանությունը, մյուս կողմից` կամրջում ենք Հայաստանի Հանրապետությունը սփյուռքի տարբեր օջախներին: Կարծում եմ՝ սա այն առանձնահատուկ առաքելությունն է, որը նաև այս ծրագիրն անընդհատ շարունակելու ոգևորություն և մոտիվացիա է տալիս»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ժաննա Անդրեասյանի խոսքերն է մեջբերված ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Նախարարը հատկապես կարևորել է, որ վերապատրաստման ծրագիրը լինի հնարավորինս նպատակային և թիրախային, որովհետև սփյուռքահայ ուսուցիչների իրականացրած աշխատանքը խիստ տարբերվում է Հայաստանի Հանրապետությունում գործող դպրոցների ուսուցիչների աշխատանքից։
Ժաննա Անդրեասյանն ընդգծել է նաև ծրագրի լավարկման կարևորությունը՝ մանկավարժների առաջարկների ու դիտարկումների հիման վրա. «Այս ծրագիրը հնարավորինս պետք է ծառայի իր նպատակին՝ տալով ամենօրյա աշխատանքում հանդիպող հարցերի պատասխանները»:
ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել մասնակից ուսուցիչներին, վերապատրաստող մանկավարժական թիմին ու գործընկերներին՝ հույս հայտնելով, որ վերջիններիս փորձառությունը, դիտարկումներն ու կարծիքները կնպաստեն ծրագրի կատարելագործմանը:
Վերապատրաստման ծրագիրն իրականացվելու է մինչև հուլիսի 26-ը ներքոնշյալ յոթ ուղղությամբ.
- Ուսուցում մանկապարտեզում
- Ուսուցում մեկօրյա դպրոցում
- Տարրական ուսուցում
- Հայոց լեզու և գրականություն
- Հայոց պատմություն և մշակույթի պատմություն
- Երգ ու պարի ուսուցում
- Տնօրենների վերապատրաստում:
Վերապատրաստման ծրագրին մասնակցում են սփյուռքահայ ուսուցիչներ Ռուսաստանից, Հնդկաստանից, Ուկրաինայից, Թուրքիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Վրաստանից, Լիբանանից, Բելգիայից, Ֆրանսիայից։