Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները հեռախոսազրույցում քննարկել են Ուկրաինան և Իրանը
1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը երեք տարվա մեջ առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ռուսական ТАСС լրատվական գործակալությունը:
Նախագահները քննարկել են Ուկրաինայի հակամարտությունը, իրավիճակը Մերձավոր Արևելքում, որին անդրադարձել են Իրան-Իսրայել հակամարտության և իրանական օբյեկտներին ԱՄՆ-ի հասցրած հարվածների համատեքստում։ Կողմերը նշել են, որ պետք է հարգվի խաղաղ նպատակներով միջուկային էներգետիկան զարգացնելու Իրանի իրավունքը: Միաժամանակ արձանագրվել է, որ Իրանը պետք է կատարի Միջուկային զենքի չտարածման պայմանագրով ստանձնած պարտավորությունները, այդ թվում՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցելու առումով:
Երկու երկրների ղեկավարները նշել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ հանդիսացող Ռուսաստանի և Ֆրանսիայի հատուկ պատասխանատվությունը խաղաղության և անվտանգության պահպանման գործում։