Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Հայկական բժշկական համաշխարհային կոնգրեսին և Հայ երիտասարդների համաժողովին
2 րոպեի ընթերցում

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մադրիդ և Փարիզ, որտեղ կմասնակցի Հայկական բժշկական համաշխարհային կոնգրեսին և Հայ երիտասարդների համաժողովին, ինչպես նաև կհանդիպի հայկական կազմակերպությունների, առողջապահական, կրթամշակութային, գործարար ոլորտի հայազգի գործիչների, երիտասարդության հետ և կքննարկի համագործակցության հետագա ուղիները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատվիրակությունը գործուղելու մասին որոշումը հունիսի 27-ին կայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այն հրապարակվել է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։
«Հայկական բժշկական համաշխարհային կոնգրեսին և Հայ երիտասարդների համաժողովին մասնակցելու, ինչպես նաև հայկական կազմակերպությունների, առողջապահական, կրթամշակութային, գործարար ոլորտի հայազգի գործիչների, երիտասարդության հետ հանդիպելու և համագործակցության հետագա ուղիները քննարկելու նպատակով՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության պետ Կարեն Ավանեսյանին և խորհրդական՝ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող Լիլիթ Խաչատրյանին 2025 թվականի հուլիսի 2-7-ը ներառյալ գործուղել Իսպանիայի Թագավորություն (Մադրիդ՝ հուլիսի 2-4-ը) և Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ՝ հուլիսի 4-7-ը)»,- ասվում է որոշման մեջ։