Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի «Փող։ Կիրք։ Իշխանություն։» ներկայացումը բարձր գնահատականի է արժանացել չեխովյան միջազգային փառատոնում

4 րոպեի ընթերցում

Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի ստեղծագործական խումբը վերադարձել է հագեցած օրակարգով թատերական շրջագայությունից։

Թատրոնը մասնակցել է Մոսկվայում կայացած  Ա․ Պ․ Չեխովի անվան հեղինակավոր 17-րդ միջազգային թատերական փառատոնին՝ ներկայացնելով «Փող։ Կիրք։ Իշխանություն» բեմադրությունը՝ ըստ Իվան Գոնչարովի «Սովորական պատմություն» վեպի։ Ներկայացման ռեժիսորն է Սուրեն Շահվերդյանը։

««Սովորական պատմություն» վեպը գրվել է շուրջ 150 տարի առաջ։ Դասական տեքստերին իմ մոտեցումը միշտ հետևյալն է՝ արդիականացնել ու հերոսներին տեղափոխել այն ժամանակաշրջան, որտեղ մենք ենք գտնվում։ Դրա համար շատ մեծ աշխատանք էր պետք իրականացնել։ Գլխավոր ուղերձն այն է, որ բոլորս Աստծո աչքի ներքո ենք, և, վատ քայլ կատարելիս, անպայման երկար մտածենք, որովհետև ինչ-որ պահի այն հետ է գալիս»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Սուրեն Շահվերդյանը։ 

Ներկայացումը ցուցադրվել է նաև Վորոնեժի Ա. Կոլցովի անվան դրամատիկական թատրոնում՝ Պլատոնովյան փառատոնի շրջանակներում,  այնուհետև Եկատերինբուրգի Պատանի հանդիսատեսի թատրոնում։ Բոլոր ցուցադրություններն անցել են լեփ-լեցուն դահլիճներում՝ հանդիսատեսի ջերմ ընդունելությամբ և բարձր գնահատականներով։

«12 օրվա ընթացքում ներկայացումը խաղացել ենք 7 անգամ։ Մեծ ջերմությամբ ու բարձր գնահատականով ներկայացումն ընդունվեց ինչպես հանդիսատեսի, այնպես էլ մասնագիտական հանրության կողմից։ 21-րդ դարում դժվար է թատերական լսարանին զարմացնել։ Կարծես, մեզ հաջողվեց, որովհետև թատերագտներն իրենց զարմանքն էին արտահայտում և ընդգծում այն հանգամանքը, որ դահլիճում բազմաթիվ երիտասարդներ կային ու նրանք հեռախոսներից կտրված, մոտ 2 ժամ վայելում էին ներկայացումը»,-ասաց դերասանուհի Լիլիա Մուկուչյանն՝ ընդգծելով, որ տպավորված են արձագանքով։ 

Ներկայացումների ավարտից հետո մի շարք քաղաքներում անցկացվել են հանդիպումներ հանդիսատեսի հետ, բովանդակալից քննարկումներ՝ ներկայացման գաղափարների, հերոսների ներաշխարհի ու ժամանակակից կյանքի արժեքային համակարգի շուրջ։

«Մեծ պատասխանատվություն էր նման բարձր մակարդակի փառատոնին ներկայանալը։ Մեր ամբողջ թիմը աշխատանքին մոտեցել է մեծագույն պատասխանատվությամբ և շատ ոգևորիչ է, որ նման բարձր գնահատականների ենք արժանացել։ Ներկայացումը շատ արդիական է, ու բարձրացնում է այսօր շատերին հետաքրքրող ու առնչվող հարցեր։ Հաճելի էր, որ ներկայացման ավարտից հետո հանդիսատեսից շատերը մոտենում էին և շնորհակալություն էին հայտնում»,- ասաց դերասանուհի Թեհմինե Խաչատրյանը։ 

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի խորհրդական, նախագծի ղեկավար Մարիաննա Մխիթարյանը նշեց, որ այս թատերական շրջագայությունը չէր կայանա, եթե չլիներ գործընկերների աջակցությունը, այդ թվում՝ ԿԳՄՍ նախարարության։  

«Մենք խոսեցինք այն մասին, թե ինչպես Ռուսաստանում հանդիսատեսը բուռն արձագանքեց ու սիրեց մեր ներկայացումը, բայց ես պետք է նաև ասեմ, որ այն ի սկզբանե բավական բարձր գնահատականի է արժանացել Հայաստանում։ «Արտավազդ» մրցանակաբաշխության ժամանակ ներկայացումը մրցանակի արժանացավ մի շարք անվանակարգերում»,-ասաց Մարիաննա Մխիթարյանը։ 

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնն ակտիվ ստեղծագործական փուլում է, առաջիկայում հանդիսատեսին կներկայանա նոր ներկայացումներով։  

Հայերեն

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան