ՀՀ վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գելաձեին: Վարչապետը ողջունել է նրա այցը Հայաստան և շնորհավորել պատասխանատու պաշտոնում նշանակվելու առիթով:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ պարոն Գելաձեի պաշտոնավարման ընթացքում երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությունն առավել ակտիվ և արդյունավետ կլինի: Երկրի ղեկավարը շեշտել է, որ այդ նպատակով ՀՀ Կառավարությունը կներդնի բոլոր ջանքերը:  

Գելա Գելաձեն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վարչապետ Փաշինյանին փոխանցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի ջերմ ողջույնները: Վրաստանի ՆԳ նախարարը կարևորել է երկու երկրների միջև դարավոր բարեկամությունն ու կուռ համագործակցությունը՝ ի նպաստ տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման: 

Մանրամասներ են ներկայացվել Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարների քննարկումների վերաբերյալ: Տեղեկացվել է, որ քննարկվել են երկկողմ համագործակցությանն ու ընդհանուր մարտահրավերներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել միգրացիայի ոլորտում փոխգործակցությանը, հանցավորության և ապօրինի թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարում համատեղ քայլերին ու նոր ստորագրվելիք փաստաթղթերի նախագծերին:   

Հայերեն العربية English Español Français ქართული Русский Türkçe