Ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման դասընթացը միտված է նաև Հայաստանում ֆրանկոֆոն միջավայրի ձևավորմանը. ԿԳՄՍ նախարար
5 րոպեի ընթերցում

Երևանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում հունիսի 23-ին ազդարարվեց «Ֆրանսերենը որպես օտար լեզու. վերապատրաստում, արդիականացում և խթանում» վերապատրաստման հատուկ ծրագրի մեկնարկը։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համագործակցությամբ իրականացվող ծրագիրը միտված է ֆրանսերենի ուսուցիչների մասնագիտական որակների զարգացմանը:
Հաշվի առնելով Հայաստանում ֆրանսերենի տարածման, մասնավորապես, ֆրանսերենի դասավանդման կարևորությունը, գիտակցելով ֆրանսերենի ուսուցիչների կարողությունների հզորացման անհրաժեշտությունը և ազդարարելով ուսուցիչների վերապատրաստման դասընթացների գործնական կազմակերպման մեկնարկը՝ իրականացվում է մասնագիտական կրթության շարունակական զարգացմանն ուղղված ազգային վերապատրաստման հատուկ ծրագիր։
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջույնի խոսքում անդրադառնալով ծրագրի կարևորությանը, մասնավորապես, նշեց, որ այն ուղղված է ֆրանսերենի դասավանդման որակի զարգացմանը և ֆրանկոֆոն միջավայրի ապահովմանը։
«Անցյալ տարի, երբ պարոն դեսպանի հետ ստորագրում էինք այս հուշագիրը, բնականաբար, կարևորում էինք այն հանգամանքը, որ ֆրանսերենի դասավանդումը մեր դպրոցներում որակական փոփոխություն կապրի։ Կարծում եմ, որ ֆրանսերենի դասավանդման որակի բարձրացումն այն կարևոր ուղղությունն է, որը բխում է նաև հանրակրթական ոլորտի բարեփոխումներից։ Գիտեք, որ հանրակրթության նոր չափորոշիչը հստակ պահանջ է դնում, որպեսզի օտար լեզուների ուսուցումը մեր դպրոցներում լինի բավարար։ Այս ծրագիրը մեզ համար կարևոր է նաև ընդհանուր առմամբ ֆրանկոֆոն միջավայրի զարգացման ուղղությամբ։ Հայաստանի Հանրապետությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ակտիվ անդամ է, 2027-ին պատրաստվում է հյուրընկալել Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերը։ Կարծում եմ, որ դրանք ոչ միայն առանձին վերցված խաղեր են, այլև երկրի հանձնառությունն է զարգացնել ֆրանկոֆոն միջավայրը, հետևել այն արժեքներին, որոնք ընկած են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հիմքում»,- «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նշեց Ժաննա Անդրեասյանը։
Նախարարը հաջողություն մաղթեց ծրագրի մասնակիցներին՝ հույս հայտնելով, որ այն կոգևորի ուսուցիչներին շարունակելու իրենց աշխատանքը։
Ժաննա Անդրեասյանը նաև շնորհակալություն հայտնեց նման ծրագրերի իրականացմանն աջակցող ու նպաստող բոլոր գործընկերներին։
«Շատ լավ համագործակցություն ունենք Ֆրանսիայի հետ բազմաթիվ ուղղություններով։ Հպարտ եմ, որ կրթության ոլորտն այդ ուղղություններից մեկն է, տարբեր ծրագրեր ունենք կրթական տարբեր մակարդակներին վերաբերող։ Սրանք ևս մեկ վկայությունն են մեր երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների խորացող և օրեցօր սերտացող համագործակցության»,- ընդգծեց նախարարը։
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին կարևորեց այն հանգամանքը, որ վերապատրաստման ծրագիրն իրականացնող մասնագետները սերտորեն համագործակցում են ուսուցիչների հետ։
«Իրականում քաջություն է պետք այս ծրագիրն իրականացնելու համար, որովհետև ուսուցիչների մեջ կան մարդիկ, ովքեր եղել են վերապատրաստող մասնագետների ուսուցիչները։ Պետք է նշեմ, որ այս ծրագիրն ամբողջությամբ համապատասխանում է նորագույն չափորոշիչներին և ՀՀ-ում իրականացվող կրթական բարեփոխումների չափորոշիչներին։ Մեզ համար շատ կարևոր է ֆրանսերենի ուսուցման բարելավումը և ֆրանկոֆոն միջավայրի ձևավորումը, որին միշտ պատրաստակամորեն աջակցում են»,- նշեց դեսպանը։
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդականի տեղակալ, կրթական համագործակցության հարցերով կցորդ Դոմինիկ Վեսը տեղեկացրեց, որ վերապատրաստումը կտևի երեք շաբաթ։ Իսկ առհասարակ՝ սա եռամյա ծրագիր է։
Նշվեց, որ վերապատրաստվողները երեք տարվա ընթացքում մասնակցել են ավելի քան 240 ժամվա դասընթացների։ Ըստ նրա՝ ծրագիրը միտված է ոչ միայն բարեփոխումների իրականացմանը, այլև մանկավարժների միջև սերտ համագործակցության ձևավորմանը։ Այդ առումով կարևորվեց այն հանգամանքը, որ հաջողվել է վերապատրաստվող ուսուցիչների հետ աշխատել շատ հաճելի միջավայրում, արդյունավետ համագործակցել և մշակել համատեղ ծրագրեր։