Տեղի է ունեցել Սևանի նորաստեղծ «Առաքս» ֆուտբոլային ակումբի առաջնախաղը
2 րոպեի ընթերցում

«Առաքս» ֆուտբոլային ակումբի հիմնադրման առթիվ hունիսի 22–ին Լճաշենի ֆուտբոլի մարզադաշտում ընկերական հանդիպումներ են անցկացվել Սևանի մանկապատանեկան մարզադպրոցի «Սևան», նորաստեղծ «Առաքս», Հրազդանի «Աղբյուրակ» և «Ախթալա» ֆուտբոլային ակումբների միջև։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, նորաստեղծ «Առաքս» ակումբը նպատակ ունի՝ հանդես գալ Հայաստանի առաջնություններում, Սևանի տարածաշրջանի բոլոր բնակավայրերում զարգացնել մանկապատանեկան ֆուտբոլը, խրախուսել առողջ ապրելակերպը և պատանիների շրջանում բացահայտել լավ ֆուտբոլիստների՝ հետագայում նրանց ուղղորդելով բարձունքներ։
Բացի ակումբի հիմնադիր Արթուր Կարապետյանից, «Առաքս» ֆուտբոլային ակումբի ստեղծման ակունքներում է կանգնած նաև Մարտիկ Կարապետյանը, ով ապրում է Ռուսաստանի Դաշնությունում։ Նորաստեղծ թիմին աջակցում են նաև բազմաթիվ անհատներ և կազմակերպություններ։ Ավագ մարզիչն է Միքայել Բաբաջանյանը, մարզիչը՝ Կարեն Կարապետյանը, դարպասապահների մարզիչը՝ Արտյոմ Կարապետյանը։
«Առաքս» ֆուտբոլային ակումբի փոխնախագահ Աղաբեկ Դավթյանի խոսքով՝ անելու են հնարավորը, որպեսզի գյուղական բնակավայրերի պատանիների շրջանում հետաքրքրություն առաջացնեն ֆուտբոլ մարզաձևի նկատմամբ։
Վերջին օրերին ակումբը որոշ բարեկարգումներ է իրականացրել Լճաշենի մարզադաշտում։ «Առաքս»–ը սկզբնական շրջանում մարզումները կանցկացնի Լճաշենի մարզադաշտում, որտեղ էլ կայացել են առաջին ընկերական հանդիպումները։
Մինչև խաղերի մեկնարկը հնչել է ՀՀ հիմնը և բարձրացվել ՀՀ պետական դրոշն ու «Առաքս» ֆուտբոլային ակումբի դրոշը՝ ազդարարելով խաղերի մեկնարկը։
Ընկերական հանդիպումներից հետո թիմերը, լավագույն խաղացողներն ու մարզիչները պարգևատրվել են պատվոգրերով, մեդալներով, գավաթներով և հուշանվերներով։