Տնտեսություն

Հայ և վրացի փորձագետները քննարկեցին տնտեսական, մշակութային և կրթական ոլորտներում համագործակցության հնարավորությունները

5 րոպեի ընթերցում

Հայ և վրացի փորձագետները քննարկեցին տնտեսական, մշակութային և կրթական ոլորտներում համագործակցության հնարավորությունները

«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի աջակցությամբ և Տնտեսական լրագրողների ակումբի նախաձեռնությամբ վրացի լրագրողների համար Հայաստանում կազմակերպված երկօրյա մեդիատուրի շրջանակում Երևանում անցկացվեցին պանելային քննարկումներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ երկու երկրների փորձագետները մտքեր փոխանակեցին «Հայ-վրացական այսօրվա տնտեսական օրակարգը» և «Հայ-վրացական գիտական ու մշակութային կապերը և տարածաշրջանային խնդիրները» թեմաների շուրջ:

Քննարկման մասնակիցներից ACSES վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկազ Ֆանյանը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ հայ-վրացական տնտեսական հարաբերությունները ներկայում գտնվում են առկա ներուժից բավականին ցածր մակարդակին: Մեր զրուցակցի գնահատմամբ՝ դա վերաբերում է ոչ միայն առևտրական հարաբերություններին, այլև ներդրումներին և զբոսաշրջության ոլորտին:

«Վերջին տարիներին Վրաստանից Հայաստան ներմուծման ծավալը կազմում է շուրջ 237 մլն դոլար: Հայաստանից Վրաստան ներմուծումն ավելի քիչ է՝ մոտ 160-170 մլն դոլարի սահմանում: Վրաստանից հիմնականում ներմուծում ենք ոգելից խմիչքներ և ջուր: Ընդ որում, սպիրտային խմիչքների զգալի մասը հետագայում վերաարտահանվում է այլ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստան: Հայաստանից հիմնականում արտահանվում է պղինձ, որը իրականում Վրաստանը վերաարտահանում է, այսինքն՝ մշակում չի իրականացնում: Մեծ բաժին են կազմում սիգարետները: Այսպես, 2024 թվականին արտահանել ենք շուրջ 22 մլն դոլարի սիգարետ: Վրաստան արտահանվող ապրանքներից ծավալով հաջորդ տեղում են ապակե տարաները, մասնավորապես՝ շշերը: Մեր գործարանները սպասարկում են նաև վրացական շուկան»,- նշեց Հայկազ Ֆանյանը: 

Ըստ նրա, Հայաստանը հսկայական անելիք ունի վրացի զբոսաշրջիկներին հետաքրքրելու առումով:

«Վրաստան այցելող Հայաստանի բնակիչներն ավելի շատ են, քան մեր երկիր եկող վրացիները: Վրաստանցի զբոսաշրջիկներին հրապուրելու առումով բավականին լուրջ աշխատանք կա կատարելու՝ ներուժը մեծ է: Խոսքը հենց ազգությամբ վրացի զբոսաշրջիկների մասին է, քանի որ գիտեք այդ երկրում ունենք հայկական մեծ համայնք, որի ներկայացուցիչներից շատերը սերտորեն կապված են Հայաստանի հետ և տարվա ընթացքում կարող են մի քանի անգամ այցելել: Այդ այցերն, ըստ էության, գրանցում ենք որպես զբոսաշրջային հոսք: Կարծում եմ՝ հաշվի առնելով մեր երկրների բարեկամական հարաբերությունները՝ տուրիզմը կարող է ավելի ակտիվ լինել»,- գտնում է մեր զրուցակիցը:

Պատասխանելով Վրաստանի տարածքով հայկական կոնյակների տարանցիկ տեղափոխման հետ կապված վերջերս ծագած խնդրի հնարավոր պատճառների վերաբերյալ մեր հարցին՝ տնտեսագետը նշեց. «Իմ տեղեկություններով՝ դա կամայական բնույթ էր կրում: Վրաստանի համապատասխան մարմինները չպետք է ստուգեին դեպի Ռուսաստան ուղևորվող բեռնատարների պարունակության որակը: Կարծում եմ՝ Վրաստանում գործող առանձին անձանց կամ կազմակերպությունների տնտեսական շահերով է պայմանավորված այդպիսի վարքագիծը»:

«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հարավկովկասյան մասնաճյուղի ներկայացուցիչ Յակոբ Վյոլենշտայնը նշեց, որ Վրաստանից ժամանած փորձագետների հետ քննարկել են կարևորագույն ոլորտներից մեկին՝ զբոսաշրջությանն առնչվող խնդիրները: Այդ առումով նա կարևորեց երկու երկրներում ոլորտի զարգացմանը նպաստող կազմակերպությունների փոխգործակցությունը, հատկապես՝ երրորդ երկրներից զբոսաշրջիկների ներգրավման հարցում:

Ըստ Վյոլենշտայնի, կարևոր է նաև էներգետիկայի ոլորտում հայ-վրացական համագործակցությունը:

Տնտեսական լրագրողների ակումբը «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հետ համագործակցում է 2009 թվականից՝ իրականացնելով ամենատարբեր մեդիաձևաչափերով միջոցառումներ երկրի տնտեսության օրակարգային խնդիրների վերաբերյալ: Այս միջոցառումը միտված է տնտեսական, մշակութային և կրթական ոլորտներում Հայաստանի և Վրաստանի համագործակցության չիրացված հսկայական հնարավորությունների քննարկմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում