Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուն հարստացել է բացառիկ ու արժեքավոր նոր նմուշներով
4 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ունի նոր համալրում. բանասիրության դոկտոր, պրոֆեսոր, Կալիֆոռնիայի պետական համալսարանի (Նորթրիջ, ԱՄՆ) դասախոս Վահրամ Շեմասյանը թանգարան-ինստիտուտին է նվիրել տարիների հավաքչական և գիտական աշխատանքի արդյունքում ձեռք բերած բացառիկ արժեքավոր նյութեր:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Շեմասյանը նշեց՝ այս նյութերի շարքում առանձնանում է 1920-ական թվականներին Ղազիրի (Լիբանան) որբանոցում հայ որբուհիների գործած գորգը, որը մեծ պատմական ու մշակութային նշանակություն ունի:
Պրոֆեսորը նշեց, որ ներկայացված մյուս նյութերը վերաբերում են Մուսա լեռան հերոսամարտին։
«Այս նմուշները իմ անձնական հավաքածուից են, սրանք բացառիկ նմուշներ են, որոնք ոչ մի արխիվում չկան: Սրանք ես հավաքել եմ տարիների ընթացքում հիմնականում ԱՄՆ-ի տարածքում ապրող գաղթականների հետնորդների ընտանիքներից: Ես վերջին 40 տարիների ընթացքում մեծաթիվ արխիվային նյութեր եմ պեղել աշխարի 12 երկրներից, բայց մարդկանց տներում դեռևս շատ անձնական թղթեր կան, որոնք նոր լույս կսփռեն ցեղասպանության վրա, և ես աշխատում եմ այդ անձնական թղթերը հայտնաբերելու և հավաքելու ուղղությամբ: Այսօրվա նմուշներում կան մուսալեռցիների տարբեր անցաթղթեր, որոնցով նրանք տեղափոխվել են ԱՄՆ, տարբեր նամակներ և ծրարներ, ինչպես նաև Մուսա լեռան տոնակատարություններին նվիրված հայտարարություններ»,-ասաց Շեմասյանը:
Նա ընդգծեց՝ շատ կարևորում է այս արժեքավոր, մեծաքանակ արխիվները հանրությանը հասանելի դարձնելը, ուստի մաս-մաս դրանք կփոխանցի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին:
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Էդիտա Գզոյանը նշեց, որ սա թանգարանի հավաքածուի համար շատ արժեքավոր համալրում էր:
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ունի ֆոնդ, հավաքածու, որտեղ մենք հավաքում ենք ցեղասպանությանը, Արևմտյան Հայաստանին վերաբերող նյութեր, փաստաթղթեր, լուսանկարներ, վերապրողների կամ զոհերի անձնական իրեր, այսինքն՝ դա մեր գործունեության կարևորագույն և անբաժան մասերից է:
Թանգարանն իր ձևավորման օրվանից ակտիվ հավաքչական աշխատանքով է զբաղվել, և այդ աշխատանքները վերջերս շարունակվում են նոր թափով: Վերջին շրջանում բավականին կարևոր նյութեր ենք ձեռք բերել՝ հիմնականում նվիրատվությունների միջոցով: Կարևոր է, որ սփյուռքում ապրող մեր հայրենակիցները հասկանում են թանգարան-ինստիտուտի կարևորությունն այդ նյութերի պահպանման, օգտագործման առումով և որոշում են կայացնում, որ իրենց հավաքածուները, որոնք հավաքել են իրենց գործունեության տարբեր տարիների ընթացքում, նվիրաբերեն թանգարանին: Այսօրվա նմուշները Շեմասյանի արդեն երկրորդ կարևորագույն նվիրատվությունն է թանգարանի»,-ասաց Էդիտա Գզոյանը:
Հիմնադրամի տնօրենը նշեց, որ որոշում են կայացրել բացել հատուկ հավաքածու Շեմասյանի անունով, քանի որ պորֆեսորը որոշել է՝ Մուսա լեռան հերոսամարտին նվիրված ամբողջ հավաքածուն մաս-մաս նվիրվելու է թանգարանին: