Հայաստան

Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետը Հայոց ցեղասպանության հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել զոհերի հիշատակին

2 րոպեի ընթերցում

Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետը Հայոց ցեղասպանության հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել զոհերի հիշատակին

Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Բորիս Պիոտրովսկու գլխավորած պատվիրակությունը հունիսի 7-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:

Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Բորիս Պիոտրովսկին ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Ռուսաստանից ժամանած պատվիրակության անդամները շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ-ի էքսկուրսավար Անահիտ Ասլանյանի ուղեկցությամբ ծանոթացել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո պարոն Բորիս Պիոտրովսկին գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը պատվավոր հյուրին նվիրել է Հայոց ցեղասպանության մասին գրքեր:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում