Իրան

Իրանի դեմ գործողությունների նպատակը միջուկային խնդիրը չէ, այլ իրանցիների հավաքական ինքնությանը հարված հասցնելը․ ՀՀ-ում Իրանի դեսպան

5 րոպեի ընթերցում

Իրանի դեմ գործողությունների նպատակը միջուկային խնդիրը չէ, այլ իրանցիների հավաքական ինքնությանը հարված հասցնելը․ ՀՀ-ում Իրանի դեսպան

ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին մանրամասներ ներկայացրեց հունիսի 13-ին Իսրայելի հարձակումից հետո ստեղծված իրադրության առնչությամբ` ընդգծելով, որ Իրանը մինչ օրս ոչ մի պատերազմ չի սկսել և վերջին տասնամյակների ընթացքում միշտ եղել է ագրեսիայի զոհ, սակայն դրան ի պատասխան՝ պաշտպանվել է և այսօր էլ պաշտպանվում է լիովին օրինական կերպով։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանում Իրանի դեսպանատանը կազմակերպված ասուլիսում դեսպանը նշեց, որ պատերազմը պարտադրվել է Իրանին, որը ոչ մի դեր չի խաղացել այն սկսելու մեջ, հետևաբար վճռականորեն տրամադրված է պաշտպանվելու Իսրայելի հարձակումներից։ Նրա բնորոշմամբ՝ Իսրայելն ընդլայնում է իր գործողությունների շրջանակը Մերձավոր Արևելքում, ինչն ազդում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերի վրա, քանզի այդ գործողությունները հանգեցնում են լարվածության աճին, ճգնաժամերի խորացմանն ու անկայունության մեծացմանը։ Դեսպանի համոզմամբ՝ պատերազմի սպառնալիքը դիվանագիտության թշնամին է և Մերձավոր Արևելքում ապակայունացման հիմնական գործոնը։ Սոբհանին հավելեց, որ ԱՄՆ-ն մեծապես աջակցում է Իսրայելին, ուստի իրանական կողմը կտրականապես մերժում է Վաշինգտոնի երկխոսության ու դիվանագիտության մասին պնդումները Միացյալ Նահանգների կողմից Իսրայելին տրամադրվող քաղաքական, ռազմական, հետախուզական ու տեխնիկական օժանդակության ֆոնին։ 

«Մենք պատերազմ չէինք ցանկանում և զբաղված էինք մեր միջուկային ծրագրին առնչվող բանակցություններով, սակայն այս պատերազմը մեզ պարտադրվեց։ Ուժի կիրառումը համաձայնության չի բերի, և մենք չենք հանձնվի»,- ասաց Սոբհանին։ 

Դիվանագետի պնդմամբ՝ Արևմուտքի որոշ երկրներ Իրանին զսպվածության կոչ են անում և այդ մասին հիշում այն ժամանակ, երբ հարձակման ենթարկված երկիրը մտադիր է օրինական կերպով պաշտպանվել։ Զսպվածության կոչ են անում մի երկրի, որի տարածքային ամբողջականությանն ու անվտանգությանը սպառնում են, մինչդեռ արևմտյան երկրները, Սոբհանիի խոսքով, պետք է խիստ ճնշում գործադրեն Իսրայելի վրա։ Դեսպանի կարծիքով՝ իսրայելական լրատվամիջոցներն ու նրանց արևմտյան աջակիցները հրեական պետության գործողությունները նկարագրելիս՝ դրանք ներկայացնում են որպես ռազմական թիրախների և իրանցի պաշտոնյաների դեմ ուղղված հարվածներ, իսկ Իրանի գործողությունները ներկայացնում են որպես քաղաքացիական թիրախների դեմ ուղղված հարվածներ, մինչդեռ իրականությունն այն է, որ իսրայելական զինուժի հարվածներից, Սոբհանիի պնդմամբ, տուժել են խաղաղ բնակիչներն ու բնակելի թաղամասերը։ 

«Մի՞թե Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը ռազմական կենտրոն է, որը ենթարկվեց հրթիռակոծման։ Այդ հաստատության դեմ իրականացված գրոհը հարձակում է ճշմարտության վրա, ինչը հուսահատության նշան է։ Նրանք ցանկանում են լռեցնել ճշմարտության ձայնը, ինչը հնարավոր չէ անել ռմբակոծությունների միջոցով»,- ասաց ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանը։ 

Սոբհանին հավելեց, որ Իրանի միջուկային օբյեկտների հրթիռակոծումը միջազգային իրավունքի վերջին կարմիր գիծն էր, որը հատել է Իսրայելը, և եթե միջազգային հանրությունն անտարբեր լինի կարմիր գծերի հատման հանդեպ, ապա դրա հետևանքները կազդեն մյուս բոլոր երկրների վրա, հետևաբար իրանական կողմի ակնկալիքն է, որպեսզի միջազգային հանրությունը դատապարտի խաղաղ նկատառումներով գործող միջուկային օբյեկտների դեմ ուղղված հարձակումներն ու հասնի նրան, որ ագրեսիվ գործողություններ իրականացնողները պատժվեն։ 

«Պատմությունն իրանցիների քաջարի դիմադրության բազմաթիվ փաստեր է արձանագրել։ Իրանի դեմ ձեռնարկված գործողությունների նպատակը միջուկային խնդիրը չէ, այլ իրանցիների հավաքական ինքնությանը հարված հասցնելը, հետևաբար մեր պետության քաղաքական վերնախավն ու հասարակության բոլոր շերտերը տրամադրված են վճռականորեն երկիրը պաշտպանելու հարցում։ Մեր պաշտպանական բոլոր միջոցներն իրանական են և ստեղծվել են զրոյից՝ ճնշող պատժամիջոցների ներքո։ Մենք հստակ հայտարարում ենք, որ չենք ձգտում պատերազմական գործողությունների սրման, բայց պատրաստ ենք ցանկացած սցենարի։ Իրանը կպահպանի իր կարմիր գծերը և չի շեղվի այդ ուղուց»,- ասաց Սոբհանին։ 

Իրանի դեսպանը շնորհակալություն հայտնեց Հայաստանի իշխանություններին` Իսրայելի գործողությունները դատապարտելու և հստակ դիրքորոշում արտահայտելու համար, ինչպես նաև հավելեց, որ Իրանը բարձր է գնահատում ազնիվ հայ ժողովրդի զորակցությունն ու աջակցությունը։ «Մենք զգում ենք հայ ժողովրդի հոգևոր աջակցությունը»,- եզրափակեց Մեհդի Սոբհանին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում