9 տարեկան տղան համացանցի աստղ է դարձել՝ խոզի վրա նստած դպրոց գնալու շնորհիվ
2 րոպեի ընթերցում

Բրազիլիայի դպրոցներից մեկի աշակերտ Գուտինյո Ռոչան դպրոց է հաճախում խոզի վրա նստած, ինչն էլ տղային բավական հայտնի է դարձրել համացանցում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Whats The Jam կայքը։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է նա բռնել խոզի մեջքից, որը ցեխոտ արահետով վազում է դեպի դպրոց։
Տղան ընտելացրել է խոզին, և վերջինս միայն նրան է թույլ տալիս նստել իր մեջքին։
Խոզն այնքան արագաշարժ է, որ նրան անվանում են Ֆոգետե, որը թարգմանաբար նշանակում է «հրթիռ»։
Գուտինյոն դպրոց է հասնում ընդամենը մեկ րոպեում։ Նա մոտոցիկլետի սաղավարտ է կրում իր անվտանգության համար։
Տղայի մայրը՝ Անա Պաուլան, ասել է, որ Գուտինյոն միշտ սիրել է խաղալ կենդանիների հետ և հոգ տանել նրանց համար։
«Նրա եղբայրները սովորություն ունեին անասուններին հեծնել, և Գուտինյոն միշտ նույնպես ցանկացել է դա անել», - ասել է Անա Պաուլան։
Տղայի մոր խոսքով՝ նա նաև ընտելացրել է էշերին և միշտ վազվզում է շների հետ։
Ընտանիքն ապրում է Բրազիլիայի հյուսիս-արևելքում գտնվող Ժիրաու դու Պոնսիանու քաղաքի գյուղական հատվածում։
Գուտինյոն, որի լրիվ անունը Աուգուստո դա Բարբոսա դա Սիլվա է, Անա Պաուլայի և Կլաուդսոն Բարբոսայի չորս երեխաներից երրորդն է։
Մայրը նշել է, որ հրապարակված տեսանյութերը Instagram-ում միլիոնավոր դիտումներ ունեն։