Հայաստան

Փաշինյանը վստահ է, որ Հայաստանում բարձր աշխատավարձ հիմնականում ստանում են մրցունակ կրթություն ունեցողները

2 րոպեի ընթերցում

Փաշինյանը վստահ է, որ Հայաստանում բարձր աշխատավարձ հիմնականում ստանում են մրցունակ կրթություն ունեցողները

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ բարձր աշխատավարձ ստացող քաղաքացիների գերակշիռ մասն ունի մրցունակ կրթություն։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին նա հայտարարեց Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ։

«Բարձր աշխատավարձ հիմնականում՝ մոտավորապես 80-90 տոկոսով, ստանում են նրանք, որոնք մրցունակ կրթություն են ստացել։ Ցածր աշխատավարձ ստանում են հիմնականում նրանք, որոնք չեն ստացել մրցունակ կրթություն։ Ինչո՞ւ եմ ասում 80-90 տոկոս և ոչ 100 տոկոս, որովհետև մեծ է հավանականությունը կամ կա հավանականություն, որ 10-20 տոկոսը կարող են բարձր աշխատավարձ ստանալ ոչ թե կրթության, այլ ուրիշ գործոնների պատճառով՝ ներառյալ անարդարությունը, կարգավորումները և այլն և այդպես շարունակ, բայց ես որևէ կերպ հնարավոր չեմ համարում, որ այդ շեղումը հնարավոր լինի 10-20 տոկոսից»,- ասաց վարչապետը։ 

Փաշինյանի խոսքով՝ սա կարող է ընկալվել որպես աղմկոտ հայտարարություն, սակայն իր դիտարկումները փաստում են՝ աշխատաշուկայում կրթության մրցունակության և վարձատրության միջև գոյություն ունի ուղղակի կապ։ 

«Այս 80-90 տոկոսի մասին հիշատակումն է պատճառը, որ կրթության ոլորտի բարեփոխումներն այսքան կարևոր են մեզ համար։ Կառավարությունում տեղի ունեցած քննարկումների արդյունքում մենք որոշել ենք, որ հանրակրթական դպրոցներում մեր աշակերտներին հենց այս ուղերձը պետք է տանք։ Պետք է նրանց ուղիղ և աներկբա ասենք՝ «սիրելի երեխաներ, լավ սովորեք, որ լավ ապրեք»»,- եզրափակեց Փաշինյանը։  

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում