Կրթություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի պետական համալսարան

2 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի պետական համալսարան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի պետական համալսարան՝ շրջայցի ընթացքում ծանոթանալով լաբորատոր կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը նախ եղել է ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի օպտիկայի և ֆոտոնիկայի կենտրոնում, որի վերազինման աշխատանքներն իրականացվել են ՀՀ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, Նորարարությունների մրցակցային հիմնադրամի և Երևանի պետական համալսարանի ֆինանսավորման շրջանակներում։ Մասնավորապես, վարչապետին ներկայացվել են պրոֆեսոր Լևոն Մուրադյանի անվան գերարագ օպտիկայի և ֆոտոնիկայի լաբորատորիան, ֆոտոնիկայի և արհեստական բանականության լաբորատորիան, օպտիկական միկրոհամակարգերի լաբորատորիան, առաջադեմ ֆունկցիոնալ նյութերի լաբորատորիան, օպտոէլեկտրոնիկայի և ֆոտոնիկայի լաբորատորիան, ԵՊՀ ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնը: 

Վարչապետին է ներկայացվել նաև ԵՊՀ նորաստեղծ  հուշ-պուրակը, որը նվիրված է 44-օրվա պատերազմում զոհված հերոսներին: Վարչապետը ծաղիկներ է խոնարհել և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին: 

Հաջորդիվ՝ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի լաբորատորիաներում: Վարչապետին ներկայացվել են մանրէների նյութափոխանակության լաբորատորիան, մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնը, Փորձարարական ախտաբանության և բջջային ազդանշանի փոխանցման գիտական լաբորատորիան: 

Նշվել է, որ 2022-2024 թվականներին պետական բյուջեի միջոցներով ԵՊՀ-ի համար ձեռք են բերվել շուրջ 3 մլրդ դրամի գիտական և լաբորատոր սարքավորումներ:

Երևանի պետական համալսարանում Նիկոլ Փաշինյանը նաև հանդիպում է ունեցել դասախոսների և ուսանողների հետ, ներկայացրել Իրական Հայաստանի գաղափարախոսությունը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում