Գյումրիում բացվեց Ներառական գյուղատնտեսական վերապատրաստումների կենտրոն

4 րոպեի ընթերցում

Գյումրիում մայիսի 29-ին բացվեց Ներառական գյուղատնտեսական վերապատրաստումների կենտրոն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նորաբաց կենտրոնը նախատեսված է գյուղատնտեսության ոլորտում վերապատրաստումներ իրականացնելու համար՝ հատկապես հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար։ Այն կդառնա հարթակ մասնագիտական զարգացման, հմտությունների ձեռքբերման և աշխատանքային ներառման խթանման համար՝ նպաստելով ներառական հասարակության կայացմանը։

Կենտրոնը գործում է «Կարիտաս-Արեգակ» բարեգործական հիմնադրամի «Էմիլի Արեգակ» կենտրոնի տարածքում։

Կենտրոնի կառուցումը հնարավոր է դարձել «Կարիտաս-Արեգակ» բարեգործական հիմնադրամի և ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության համագործակցության արդյունքում՝ Մարդկային անվտանգության “Grassroots” դրամաշնորհային ծրագրի (GGP) աջակցությամբ։ Կենտրոնի բացմանը ներկա էր նաև ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոքի Յուտական։

Կենտրոնի տնօրեն Տիգրանուհի Հակոբյանը շնորհակալություն հայտնեց բոլոր շահագրգիռ կողմերին ծրագրին աջակցության համար։

«Կենտրոնը կառուցված է այն համոզմունքի վրա, որ յուրաքանչյուր մարդ արժանի է հավասար հնարավորությունների։ Սոցիալական արդարությունն այստեղ գործնական հենք է, ոչ թե տեսական արժեք։ Մենք ստեղծել ենք մի տարածք, որտեղ մասնագիտական կրթությունը հասանելի է բոլորին, իսկ աշխատանքը հարմարեցված յուրաքանչյուրի կարիքներին՝ զարգացնելով մասնագիտական հմտություններ, ստեղծելով կայուն եկամտի աղբյուրներ։ Ներառականության շնորհիվ մենք ձևավորում ենք հասարակություն, որտեղ յուրաքանչյուր ձայն կարևոր է, յուրաքանչյուր կարողություն՝ արժևորված։ Այս կարևոր նախագիծը կյանքի է կոչվել Ճապոնիայի դեսպանության Մարդկային անվտանգության «Grassroots» դրամաշնորհային ծրագրի (GGP) շրջանակում։ Ձեր աջակցությունը մեզ հնարավորություն տվեց կառուցել մի վայր, որտեղ յուրաքանչյուր երիտասարդ կարող է սովորել, աշխատել և զարգանալ՝ արժանապատվորեն ու հպարտությամբ»,-նշեց Տիգրանուհի Հակոբյանը՝ տեղեկացնելով, որ կենտրոնի գործունեությանը աջակցել է նաև Գյումրու քաղաքապետարանը։

«Այսօր այստեղ ոգի ու նվիրվածություն եմ տեսնում։ Այս նախագիծը շատ ավելին է, քան պարզապես նոր կառույցի ստեղծումը. այն կարողությունների հզորացման և ինքնազարգացման հիանալի մոդել է։ Հատուկ կարիք ունեցող մարդկանց հնարավորություն է տալիս սովորել նոր հմտություններ, ձեռք բերել անկախություն և իմաստալից կերպով ներդրում ունենալ հասարակության մեջ։ Այս նախագծի ազդեցությունը խորապես կնպաստի ոչ միայն այստեղ աշխատող երիտասարդներին, այլև նրանց ընտանիքի անդամներին։ Այսօր կենտրոնը ծառայում է որպես օրինակ, թե ինչպես մարդկանց և շրջակա միջավայրի նկատմամբ հոգատարությունը կարող է համատեղվել՝ ստեղծելով երկարատև փոփոխություններ։ Այս ջերմոցում ձեռքբերված փորձը կծառայի ողջ կյանքի ընթացքում»,-նշեց ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոքի Յուտական։

2025 թվականի փետրվարից գործում է «Կանաչ արեգակ» ծրագիրը, որն արդեն ունի տեսանելի արդյունքներ՝ վերապատրաստում են անցնում 20 անձ, այդ թվում՝ 14 հաշմանդամություն ունեցող երիտասարդ։ Իրականացվել են հարմարեցված վերապատրաստումներ, իսկ ապրիլից կենտրոնը հյուրընկալել է շուրջ 100 դպրոցական՝ մասնագիտական կողմնորոշման նպատակով։ Առաջիկայում նախատեսվում են նոր ոլորտային հանդիպումներ և վերապատրաստումներ՝ ներառական գյուղատնտեսության թեմաներով։

Հայերեն

Հայաստանի ԱԳՄԱ նախարարը ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ համագործակցության ընդլայնումը

Արենիում հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել. համայնքին կհատուցվի 385 հազար դրամ

Արագածում և Դարբնիկում ոստիկանները հայտնաբերել են չմակնշված ալկոհոլ ու ծխախոտ, ինչպես նաև 800 լիտր դիզվառելիք

ՄԻՊ աշխատակազմը պարզաբանել է հաստատության անգործության մասին պնդումներն ու Պաշտպանին դիմելու պահանջները

Հոկտեմբերի 13-ի միջոցառումների անոնս

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն Իրանի դեսպանի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու ԹՐԻՓՓ նախագիծը

IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ

Միջազգային կառույցներում աշխատանքի բազմամյա փորձառությամբ Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ

Մարագոսը հայ պատգամավորների հետ հանդիպմանը պարզաբանել է ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի մանրամասները

ՇՄՆ-ն պարզաբանում է տարածել COP17-ի կազմակերպման ծախսերի և գնումների գործընթացի վերաբերյալ