Ժաննա Անդրեասյանը կարևորում է հանրակրթության պետական նոր չափորոշչի՝ կարողունակության վրա հիմնված լինելը
3 րոպեի ընթերցում
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորում է այն փաստը, որ հանրակրթության պետական նոր չափորոշչի հիմքում կարողունակությունն է, ինչը դպրոցականին հնարավորություն է տալիս ձեռք բերել գիտելիք, ձևավորել հմտություն, արժեք և դիրքորոշում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նախարարն ասաց մայիսի 26-ին՝ պատասխանելով ՀՀ քաղաքացիների տեսահարցերին։
«Մեր դպրոցներում կան բազմաթիվ խնդիրներ, սակայն կան նաև իրավիճակներ, երբ դպրոցական հասակի քաղաքացիներն իրենց շատ ճիշտ են դրսևորում։ Մեր դպրոցներում սովորում է շուրջ 400 հազար երեխա։ Նրանց մեծ մասը բավականին լավ արդյունքներ է գրանցում և կարողանում է հետագա գործունեության ընթացքում ցույց տալ, որ հասարակության լիարժեք անդամ է»,-շեշտեց նա։
Անդրեասյանի համոզմամբ՝ խնդիրները պետք է լուծել հետևողականորեն, իսկ հանրակրթության չափորոշչի փոփոխությունը նաև այդ նպատակին է ծառայում։
«Նախկինում չափորոշիչն ամբողջությամբ հիմնված էր գիտելիքի վրա։ Պետությունը պահանջում էր մաթեմատիկայից իմանալ սա, բնագիտությունից այս կամ այն, հայոց լեզվից՝ այս կանոնները, ուղղագրությունն ու քերականությունը։ Հանրակրթության նոր չափորոշիչն առաջին հերթին փոխեց հայեցակարգը։ Այստեղ գրված է, որ մեր հիմնական խնդիրն է երեխաների մոտ ձևավորել կարողունակություն՝ կոմպետենցիա, որը ներառում է գիտելիք, հմտություն, արժեք և դիրքորոշում»,-ընդգծեց Անդրեասյանը։
Նախարարը նշեց, որ չափորոշիչը հասանելի է, բաց է։ «Այնտեղ նաև նշվում է, թե չորրորդ դասարանի ավարտին, 9-րդ դասարանի և 12-րդ դասարանի ավարտին որոնք են ակնկալվող վերջնարդյունքները։ Մեր ամենակարևոր կարողունակություններից մեկը սոցիալական և ժողովրդավարական կարողունակությունն է։ Այն ուղղված է սոցիալականացման քաղաքականությանը։ Այդ իմաստով դպրոցում նաև մի շարք առարկաներ կան, որոնք այդ խնդիրը լուծում են։ Դրան ուղղված են նաև ընդհանուր մեթոդաբանությունը, օրինակ՝ նախագծային ուսուցման, որտեղ առաջին հերթին երեխան սովորում է ձևակերպել խնդիրը։ Ամենաշատ խրախուսվող ձևաչափն իրենց համայնքում առկա խնդիրը ձևակերպելն է և այդ խնդրի շուրջ ինքնուրույն կամ թիմով աշխատանք տանելն ու խնդրի լուծումն առաջարկելն է։ Թիմային աշխատանքը, խնդիրները նկատելը, զգայունությունը քաղաքացիական վարքականոն են ձևավորում»,-շեշտեց Ժաննա Անդրեասյանը։