Սպորտ

Երևանում աթլետիկական պայմանների բացակայությունը լուրջ խնդիր է. աթլետիկայի հավաքականի գլխավոր մարզիչ

2 րոպեի ընթերցում

Երևանում աթլետիկական պայմանների բացակայությունը լուրջ խնդիր է. աթլետիկայի հավաքականի գլխավոր մարզիչ

Հայաստանի աթլետիկայի հավաքականի գլխավոր մարզիչ Գրիգոր Բարսեղյանի կարծիքով` աթլետները բարդագույն խնդրի են բախվում. Երևանում չկան մարզումային նվազագույն պայմաններ ունեցող մարզակառույցներ:

«Հայաստանի այս տարվա աթլետիկայի առաջնությունում մենք ունենք 70-ից ավելի մասնակից, քանի որ հստակ պայման կար դրված` առաջնությանը յուրաքանչյուր մարզադպրոց պետք է ներկայանա սահմանված առավելագույն չափով` 15 մարզիկով: Մեր երկրում գրեթե բոլոր ուժեղագույն աթլետները մասնակցում էին Հայաստանի առաջնությանը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ընտրանու գլխավոր մարզիչը:

Ըստ մասնագետի` ինչպես ավանդաբար լինում է, այս տարի ևս Հայաստանի առաջնության արդյունքներով կձևավորվի ազգային թիմ, որը հաջորդիվ կմասնակցի միջազգային մրցաշարերի:

«Հայաստանի առաջնությունում անծանոթ մարզիկներ չունենք, բայց կարող ենք անակնկալ արդյունք ունենալ: Այս տարվա առաջնությունում էլ բավականին հետաքրքիր արդյունքներ ունենք»,-ասաց նա: 

Բարսեղյանն առանձնացրեց` աթլետները ենթակառուցվածքների առումով մեծ դժվարություններ են ունենում: 

«Մեր մարզիկների ընդհանուր մակարդակն այժմ վտանգված է: Եվ այս ամենի միակ պատճառը մայրաքաղաք Երևանում աթլետիկական պայմանների բացակայությունն է: Երևանում աթլետիկական պայմանների բացակայությունը լուրջ խնդիր է: Լիահույս եմ, որ մեր երկրի կառավարությունը օր առաջ այս խնդրին լուծում կտա: Պայմանների առկայության դեպքում մեր արդյունքները երկար սպասեցնել չեն տա»,-շեշտեց Բարսեղյանը: 

Հայաստանի հավաքականը հունիսի 24-25-ին կմասնակցի Եվրոպայի թիմային առաջնությանը: Հայաստանն ընդգրկված է 3-րդ դիվիզիոնում։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում