Տնտեսություն

Հայաստանը կարող է դառնալ բազմավեկտոր տարանցման հանգույց. փորձագետն անդրադարձել է Աշգաբաթի համաձայնագրին միանալու ՀՀ-ի որոշմանը

7 րոպեի ընթերցում

Հայաստանը կարող է դառնալ բազմավեկտոր տարանցման հանգույց. փորձագետն անդրադարձել է Աշգաբաթի համաձայնագրին միանալու ՀՀ-ի որոշմանը

Միաժամանակ մի քանի տրանսպորտային նախագծերի գործարկման հեռանկարը առարկայացնում է Հայաստանը տարանցիկ հանգույցի վերածելու հեռահար տեսլականը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում, անդրադառնալով Աշգաբաթի համաձայնագրով նախատեսված միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքին Հայաստանի միանալու մասին ՀՀ կառավարության որոշմանը, նման կարծիք հայտնեց «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ-գիտաշխատող, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Աննա Փախլյանը: 

- Ըստ Ձեզ, տնտեսական առումով որքանո՞վ է նպատակահարմար Աշգաբաթի համաձայնագրին Հայաստանի միանալը, կա՞ն դրա օգտակարության վերաբերյալ մասնագիտական հաշվարկներ: 

- Նույնիսկ առանց հաշվարկների էլ ակնհայտ է, որ դեպի ծով ելք չունեցող և երկկողմանի շրջափակված Հայաստանի համար միջպետական տրանսպորտային և տարանցիկ հաղորդակցության ուղիների մաս կազմելու ցանկացած հեռանկար կենսական և ռազմավարական նշանակություն ունի: Իրանի, Օմանի, Կատարի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի միջև միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի ստեղծման մասին Աշգաբաթի համաձայնագրին միանալը թեև Հայաստանին շոշափելի տնտեսական տեղաշարժեր չի ապահովի՝ հաշվի առնելով այդ երկրների հետ ՀՀ առևտրի ոչ այնքան տպավորիչ ծավալները, սակայն կարող է բարձրացնել մեր պետության տարանցիկ դերը: Եվ այստեղ աշխարհաքաղաքական նշանակությունը գերիշխում է տնտեսական նպատակահարմարության հանդեպ: Առավել ևս, որ ՀՀ արտադրական և արտահանման սահմանափակ ներուժը բավարար չեն ապահովելու համար բեռնաշրջանառության այնպիսի ծավալներ, որոնք թույլ կտան արագորեն փոխհատուցել ծրագրին լիարժեք մասնակցության համար պահանջվող խոշոր ենթակառուցվածքային ծախսերը:

- Ձեր գնահատմամբ՝ տարանցիկ այս նախագիծը կարո՞ղ է գործուն կերպով համադրվել տարածաշրջանային մյուս կոմունիկացիոն ծրագրերին, այդ թվում՝ «Հյուսիս-հարավ»-ին և «Խաղաղության խաչմերուկ»-ին՝ հաշվի առնելով Աշգաբաթի համաձայնագրին միացած որոշ երկրների միջև առկա տարաձայնությունները տարբեր հարցերի շուրջ:

- Խոշոր հաշվով, թե՛ «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքը, թե՛ Աշգաբաթի համաձայնագրով նախատեսվող միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքը չեն կարող լիարժեք կերպով գործել Հայաստանի համար, քանի դեռ չկան ՀՀ-ն Իրանին կապող երկաթուղային ենթակառուցվածքներ, իսկ երկրների միջև հիմնական ցամաքային ճանապարհն ունի հասանելիության, անվտանգության և ենթակառուցվածքային լուրջ մարտահրավերներ:

Աշգաբաթի համաձայնագրով նախատեսված է ենթակառուցվածքների կապակցումը նաև «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հետ, որը կներառի ավտոմոբիլային, ծովային, երկաթուղային երթուղիները, այդ թվում՝ Տրանսկասպյան երկաթուղին: Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղին (TITR կամ Միջին միջանցք) անցնում է Չինաստանի, Ղազախստանի, Կասպից ծովի, Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի և եվրոպական երկրների տարածքով: 

Ըստ էության, «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի՝ Հայաստանի տարածքով անցնող հատվածը՝ շինարարության ավարտից հետո լիարժեք գործարկվելու դեպքում կարող է Աշգաբաթի համաձայնագրի տարանցիկ ուղին միացնել Իրանից դեպի Վրաստան և Սև ծով երթուղուն: Այդպիսով, Հայաստանը կարող է դառնալ բազմավեկտոր տարանցման հանգույց՝ կապելով Կենտրոնական Ասիա-Իրան-Հայաստան-Վրաստան-ԵՄ/Սև ծով կամ Հնդկաստան-Պարսից ծոց-Հայաստան-Ռուսաստան/Եվրասիա երթուղիները: 

«Խաղաղության խաչմերուկ»-ի մասով անորոշությունները դեռևս շատ են. դրա կյանքի կոչման հավանականությունը կախված է Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև քաղաքական գործընթացների հետագա զարգացումներից:

Որոշակի թերահավատություն է ներշնչում հատկապես այն հանգամանքը, որ նախորդ երեք տասնամյակներին Թուրքիան և Ադրբեջանը հսկայական գումարներ են ներդրել, որպեսզի միջազգային ճանապարհային ենթակառուցվածքները շրջանցեն Հայաստանը:

- Աշգաբաթի համաձայնագրին Հայաստանի միանալու ցանկությունը կարո՞ղ է վկայել մեր երկրի տնտեսական կողմնորոշման փոփոխության մասին, թե՞ դա բխում է տնտեսական կապերի դիվերսիֆիկացման տրամաբանությունից:

- Դա ավելի շուտ միտված է տրանսպորտային կապուղիների բազմազանեցմանը (դիվերսիֆիկացմանը) և որևէ աղերս չունի տնտեսական կողմնորոշման փոփոխության հետ, քանզի որոշ հատվածներում երթուղիները համընկնում կամ սինխրոնիզացվում են Հայաստանի մասնակցությամբ իրականացվող տրանսպորտային այլ ծրագրերի հետ՝ «Հյուսիս-հարավ», TRACECA:  Ի վերջո, առողջ տրամաբանությունը հուշում է, որ միաժամանակ մի քանի տրանսպորտային ծրագրերի գործարկման հեռանկարը առարկայացնում է Հայաստանը տարանցիկ հանգույցի վերածելու հեռահար տեսլականը: Այլ հարց է, թե որքանով կհաջողվի այդ ամենը կյանքի կոչել՝ հաշվի առնելով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի մասնակից երկրների մի մասի միջև առկա փոխադարձ տարաձայնությունները:

- Այս համաձայնագրին միանալու հետ կապված տնտեսական ռիսկեր տեսնո՞ւմ եք:      

- Անշուշտ, առկա են նաև տնտեսական ռիսկեր: Հայաստանի տարանցիկ դերի բարձրացումը ենթադրում է մեծ ենթակառուցվածքային ներդրումների իրականացում՝ ճանապարհներ, թունելներ, երկաթուղի, մաքսային անցակետեր և այլն ստեղծելու համար: Այս ներդրումները կարող են ունենալ դանդաղ հետգնման ներուժ, իսկ անբավարար փոխադրումները կարող են չարդարացնել ծախսերը։

Ոչ պակաս կարևոր ռիսկ է նաև գերկախվածությունն Իրանից: Եթե երթուղին հիմնականում անցնի Իրանի տարածքով, ապա հավանական է, որ Հայաստանը կարող է ենթարկվել աշխարհաքաղաքական ճնշումների՝ հատկապես արևմտյան պատժամիջոցների համատեքստում։ Սրա հետևանքով հնարավոր է՝ հայկական ընկերությունները սահմանափակված լինեն արևմտյան շուկաներում կամ ֆինանսական համակարգում։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում