Հանրակրթական դպրոցների աշակերտների մասնակցությամբ անցկացվում է տնտեսական և ֆինանսական ուղղվածության «Brain Ring» ամենամյա խաղ-մրցույթը
3 րոպեի ընթերցում

Հայաստանի կենտրոնական բանկի և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ մայիսի 19-ին Երևանում մեկնարկել է տնտեսագիտության, անձնական ֆինանսների կառավարման և ձեռնարկատիրության ոլորտներին առնչվող «Brain Ring» ամենամյա խաղ-մրցույթի վճռական փուլը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կիսաեզրափակչին ավանդաբար մասնակցում են Երևանի և հանրապետության բոլոր 10 մարզերի հանրակրթական դպրոցների մեկական թիմեր, որոնք իրենց լավագույնս են դրսևորել նախնական մրցումներում:
Խաղ-մրցույթի համակարգող, Կենտրոնական բանկի Սպառողների զորակցման կենտրոնի ֆինանսական կրթման փորձագետ Լուսինե Ներսիսյանը «Արմենպրես»-ի թղթակցին հայտնեց, որ միջոցառումն ավելի քան 16 տարվա պատմություն ունի: Ընդունված ձևաչափի համաձայն՝ սկզբնական փուլում բոլոր մարզերում անցկացվում են նախընտրական խաղեր, որոնց հաղթողները, Երևանում մասնակցելով կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերին, որոշում են լավագույնին և երկու մրցանակակիրներին:
Մրցույթի հարցերը, որոնք կազմում են Կենտրոնական բանկի և նրա գործընկեր կառույցների փորձագետները, ամբողջությամբ վերաբերում են տնտեսագիտությանը, ձեռնարկատիրությանը և ֆինանսների ոլորտին: Հարցերի փաթեթը մասնակիցների ներկայությամբ բացվում է խաղի սկզբում: Դրանք կազմված են դպրոցներում ուսուցանվող առարկաների ծրագրային նյութի հիման վրա:
Կիսաեզրափակչին մասնակցում են բոլոր 11 թիմերը. առավելագույն միավորներ վաստակած 3 ուժեղներն արդեն եզրափակիչում վիճարկում են հաղթողի կոչումը: Յուրաքանչյուր թիմի կազմում ընդգրկված է 5 խաղացող:
Եզրափակիչի համար մշակված է առանձին հարցերի փաթեթ, որը նույնպես բաղկացած է երեք հարցից: Իսկ վերջում երեխաներին առաջարկվում է իրավիճակային խնդիր, որը նրանք պետք է նկարեն պաստառի վրա ու ներկայացնեն ժյուրիի անդամներին:
Յուրաքանչյուր հարցի համար՝ կախված դրա բարդությունից և ծավալից, սահմանված են պատասխանելու որոշակի ժամանակ ու գնահատման միավորների սանդղակ:
Արդյունքներն ամփոփում է հատուկ ժյուրին, որի կազմում ներգրավված են Կենտրոնական բանկի փորձագետներ, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի մասնագետներ, ինչպես նաև մեկ ներկայացուցիչ «Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպությունից:
Ավանդույթի համաձայն՝ մասնակից թիմերին շնորհվում են ՀՀ կենտրոնական բանկի թողարկած հուշադրամներ: Լուսինե Ներսիսյանը տեղեկացրեց, որ այս տարի դրանք լինելու են Գոհար Գասպարյանին, Էդգար Շահինին և Երվանդ Քոչարին նվիրված հոբելյանական հուշադրամները: Իսկ հաղթող թիմի երեխաները կստանան նաև «Նոյան Տապան» հուշաթղթադրամը:
Հավելենք, որ 2024 թվականին այս մրցույթի հաղթող էր դարձել Շիրակի մարզը ներկայացնող թիմը, իսկ մրցանակային եռյակն ամբողջացրել էին Արարատի և Վայոց Ձորի մարզերի համապատասխան դպրոցների աշակերտները: