Քաղաքականություն

Զրոյին մոտ հաջողության հավանականություն ունեցող գործընթաց է. Ռոբերտ Քոչարյանը՝ իմպիչմենտի մասին

3 րոպեի ընթերցում

Զրոյին մոտ հաջողության հավանականություն ունեցող գործընթաց է. Ռոբերտ Քոչարյանը՝ իմպիչմենտի մասին

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը զրոյին ձգտող հաջողության հավանականություն ունեցող է համարում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ երկրորդ նախագահն այդ մասին ասել է News.am-ին, Politic.am-ին, Yerevan Today-ին և 5-րդ հեռուստաալիքին տված հարցազրույցում։ 

«Ես վստահ չեմ, որ սա ճիշտ է։ Ուղղակի քարոզիչներ կան, որ մտել են այս խնդրի մեջ՝ լավ չպատկերացնելով, թե ինչ են անում։ Ես չեմ լսել մեկ մարդու կարծիք, որ դա իրատեսական սցենար է, նույնիսկ նախաձեռնողներն ասում են՝ հա, ի՞նչ է եղել, փորձենք էլի։ Նույն թեկնածուն 10 օր առաջ ասում էր, որ դա իրատեսական չէ (խմբ. նկատի ունի «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին, որի թեկնածությունը վարչապետի պաշտոնում առաջադրելու և վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին հայտարարել են ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը)։ Ես պրագմատիկ մարդ եմ, և մտնել մի պրոցեսի մեջ, որը զրոյին ձգտող հաջողության հավանականություն ունի, ինձ համար դա իսկապես հետաքրքիր չէ։ Ես կարող եմ ասել, թե դա ում է հետաքրքիր։ Օրինակ, միգուցե, մարդ կա, որի համար 48 ժամ վարչապետի թեկնածու լինելը կյանքի երազանք է։ Եթե մարդու համար այդ 48 ժամվա մեջ ուշադրության կենտրոնում գտնվելը կյանքի երազանք է, դա չի նշանակում, որ մենք պետք է ֆոն դառնանք ինչ-որ մարդկանց երազանքը իրականություն դարձնելու համար»,- նշել է ՀՀ երկրորդ նախագահը։ 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցով ԱԺ բոլոր պատգամավորներին նամակներ էին հղել «Արթուն ենք» շարժման ներկայացուցիչներ Էդգար Ղազարյանն ու Նարեկ Մալյանը։ Այդ ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը կասկածի տակ էր դրել այդ նախաձեռնության արդյունավետությունը՝ շեշտելով, որ վստահ չեն, թե արդյոք այդ նախաձեռնությունը «Հայաստան» դաշինքին թիրախավորելու միտում չունի։ ԱԺ ընդդիմադիր մյուս խմբակցությունը՝ «Պատիվ ունեմ»-ը իր հերթին հայտարարել էր, որ պատրաստ է սկսել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց, սակայն վարչապետի թեկնածու իրենք չունեն։ «Պատիվ ունեմ»-ը պատրաստակամություն էր հայտնել քննարկումներ սկսել թեկնածուի շուրջ։ 

Դրանից որոշ ժամանակ անց վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնության մասին հայտարարեցին նաև ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը՝ հայտարարելով, որ վարչապետի թեկնածու են առաջադրում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին։ Էդմոն Մարուքյանն արդեն հայտարարել է, որ ընդունել է իր թեկնածությունն առաջադրելու առաջարկը, նա ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին առաջարկել է հանդիպել իր հետ՝ հետագա քայլերը քննարկելու համար։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում