Թանգարանների միջազգային օրը Գեղարքունիքի մարզում կազմակերպվել են մի շարք միջոցառումներ

2 րոպեի ընթերցում

Թանգարանների միջազգային օրվա առթիվ մայիսի 17-ին և 18-ին Գեղարքունիքի Երկրագիտական թանգարանում և Մարտունու պատկերասրահում կազմակերպվել և անցկացվել են տարաբնույթ միջոցառումներ` ցուցադրություններ, դպրոցականների մասնակցությամբ ներկայացված ծրագրեր։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, ծրագրերում ներառվել են «Բաց դռների օր» Գեղարքունիքի երկրագիտական  թանգարանում, ցուցադրություն և վարպետաց դաս՝ «Խեցեգործություն» թեմայով, Գավառի գեղարվեստի դպրոցի հետ համագործակցությամբ «Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում»  թեմայով միջոցառումները։ 

Տեղի են ունեցել Ազգային-ազգագրական իրերի բացօթյա ցուցադրություններ,  Ժամանակավոր ցուցադրություն՝ «Կենցաղային իրերի և տեխնիկայի էվոլուցիան» խորագրով։

Մարտունու արվեստի դպրոցի տիկնիկագործները ներկայացրել են իրենց աշխատանքները։ Անցկացվել է «Հայ երաժշտություն, իմ ազգային հոգու կանչ» խորագրով միջոցառում՝ Գավառի Պ․Ղանդիլյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտների մասնակցությամբ։

«Բաց դռների» միջոցով և «Թանգարանային գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակներում նշված մշակութային կառույցներն ունեցել են բազմաթիվ այցելուներ` հանրապետության մարզերից և տարբեր վայրերից։

Հայերեն